«Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) աշխատանքներն Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն սկսվել են։ Աշխատանքների կատարման տենդերների մեծ մասն արդեն հայտարարված է։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սկսել է «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքների տենդերների հայտարարումը։ Հայտարարվել է 8 տենդեր, որոնցում միավորված է 3-ից մինչև 6 աշխատանք: Հայտերի ընդունման ժամկետը 10 օր է։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի խոսքով, 64 գյուղից, աշխատանքների տենդերներ մնացել է հայտարարել մոտ 17 գյուղի համար։
Ընդհանուր հաշվով ընտրվել է 80 աշխատանք:
«Մնում է 3-4 տենդեր հայտարարել, որոնք կհայտարարենք մի քանի օրից, Բարալեթ գյուղն ուզում է փոխել առաջնահերթությունը, բայց չգիտեմ՝ կհասցնենք, թե՞ ոչ»,- ասում է Մագդա Ամիրշադյանը։
Բարալեթ գյուղն սկզբնական ընտրել էր ոռոգման համակարգի վերականգնումը:
Ախալքալաքի մունիցիպալիտետին այս տարի ՕԳԾ-ով հատկացվել է 922 հազար լարի։ Ամենից շատ գյուղերն ընտրել են սպորտային ենթակառուցվածքների կառուցում և վերականգնում, կամ մարզագույքի ձեռքբերում, լուսավորության անցկացում, ոռոգման համակարգի, խմելու ջրի վերականգնում և այլն։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Նաև, կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։