Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բարձր ջերմաստիճանի պատճառով անտառային հրդեհներ են մոլեգնում Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկկոյում։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդա շրջանում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 12 հազար քաղաքացի։ Ավելի քան հազար հրշեջներ պայքարում են հրդեհի դեմ, որը տարածվել է տասը հազար հեկտարի վրա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ կրակը դեռևս չի հաջողվում կայունացնել, ինչի պատճառով այն կշարունակի տարածվել։

Օդի բարձր ջերմաստիճանի պատճառով Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհներ են, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճանը։

Պորտուգալիայում տարեսկզբից հրդեհների հետևանքով ոչնչացել է մոտ 40 հազար հեկտար անտառ։ Անտառային հրդեհները տարածվել են հատկապես հունիս-հուլիս ամիսներին։

Հրդեհի դեմ պայքարում են նաև Մարոկկոյում, որը ոչնչացրել է ավելի քան երկու հազար հեկտար անտառ երկրի հյուսիսային շրջաններում։ Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։