Թուրքիայում դեղորայքի գները թանկանում են։ Փորձագետները զգուշացնում են, որ դա կազդի Վրաստանի շուկայի վրա մոտակա շաբաթների ընթացքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով տեղական շուկայի մասշտաբով դեղագործական արտադրանքի նոր մաքսատուրքեր են սահմանվում։ Նախորդ հրամանագիրն ընդունվել էր 2017 թվականին և գործում էր մինչ օրս։ Այն վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է թուրքական լիրայի արժեզրկումից հետո։
Թուրքիայի նախագահի հրամանագրով սահմանվում է շահույթի առավելագույն շեմը, որը դեղատների ցանցերը և դեղորայքի մատակարարները կարող են սահմանել կոնկրետ արժեք ունեցող դեղամիջոցների համար։
Տրամաբանական է, որ Թուրքիայում սակագների փոփոխությունը կազդի վրացական դեղատների ցանցի այն դեղերի վրա, որոնք ներմուծվում են այս երկրից, նշում է BMG վրացական գործնական հրատարակությունը։
«Pharmadepot» դեղատների ցանցի ղեկավար Քեթի Կոզմանաշվիլին BMG-ին տված հարցազրույցում հաստատել է, որ մատակարարներն արդեն զգուշացրել են, որ ստիպված կլինեն նոր պատվերներ կատարել Թուրքիայում՝ հաշվի առնելով գները, որոնք աճել են 25%-ով։
25-30%-ով թանկացման մասին հայտարարում է նաև Վրաստանի դեղագործների ասոցիացիան։ Միևնույն ժամանակ ասոցիացիայի գործադիր տնօրեն Իլոնա Կոկիաշվիլին պարզաբանում է, որ նույնիսկ թանկացումից հետո թուրքական դեղամիջոցները կմնան էժան սեգմենտում՝ համեմատած եվրոպական անալոգների հետ։
Թե երբ նոր սակագները կանդրադառնան վրացական ցանցում ներկայացված դեղամիջոցների վրա, կախված է դեղատների պաշարներից, օրինակ՝ «Pharmadepot»-ն ունի ևս երկու շաբաթվա պաշար:
Վրաստանի համար թուրքական դեղորայքի շուկայի բացումը տեղի է ունեցել հինգ ամիս առաջ։ Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ հունիսի 24-ի դրությամբ Վրաստանի դեղատներում Թուրքիայից ավելի քան 400 տեսակի դեղամիջոց է բերվել։ Դրանց գինը 60%-80%-ով ցածր է եվրոպական անալոգներից:
Մարտից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում Թուրքիայից ներկրված դեղորայքը ձեռք է բերել ավելի քան 155 հազար քաղաքացի և 74 միլիոնի փոխարեն ծախսել մոտ 23 միլիոն լարի։ Ըստ այդմ, այս ընթացքում քաղաքացիները խնայել են 51 մլն լարի, նշում է BMG-ն։