«Վրացական երազանքը» կհամաձայնի նվազեցնել խորհրդարան մուտքի 5%-անոց ընտրաշեմը միայն այն դեպքում, եթե ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Սահմանադրության գործող տարբերակի համաձայն՝ 2024 թվականից Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են լրիվ համամասնական ընտրակարգով, հինգ տոկոսանոց ընտրաշեմով։

«Պայմանավորված այն հանգամանքով, որ ԵՄ-ում միայն երկու երկիր է գործում 2%-ոց կամ ավելի ցածր ընտրաշեմով, ելնելով կայունության ռիսկերից, ընտրաշեմի իջեցումը չի կարող ԵՄ-ի համար պայման լինել»,- հայտարարել է նա։

Այս պայմաններում ընտրաշեմի իջեցումը մնում է «քաղաքական խնդիր և ապագայում մեր կողմից կդիտարկվի այս առումով», նշել է քաղաքական գործիչը։

Կոբախիձեն նաև ասել է, որ բարձր պատնեշ է իր կուսակցության «ձեռքում», իսկ ցածր՝ «Միասնական ազգային շարժման» ու «նրա արբանյակների»։

«Ցածր ընտրաշեմն ավելի շուտ ձև է Միասնական ազգային շարժման համար։ Դա կարող է արժեցող լինել միայն այն դեպքում, եթե կա շատ կարևոր օգուտ ստանալու միտում: Նման օգուտ այս դեպքում կարող է լինել միայն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը, ինչը զգալիորեն կնվազեցնի Վրաստանի բևեռացումը»։

Կոբախիձեն խոստացել է, որ կարգավիճակ ստանալու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամիս անց փոփոխություններ կընդունվեն, որոնց համաձայն՝ 2024 թվականի ընտրությունները կանցկացվեն երկու տոկոսանոց ընտրաշեմով։