Գերմանիայում սեզոնային աշխատանքով զբաղվող Վրաստանի քաղաքացիները շահել են Գերմանիայում գործատուի դեմ դատը և ներկայումս դատավարությունը շարունակվում է Վրաստանում՝ ընդդեմ Զբաղվածության խթանման պետական գործակալության:
Այս մասին հայտնում է Վրաստանի արհմիությունների միավորումը (GTUC)։
2021 թվականին Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում աշխատանքի են հրավիրվել ելակի ֆերմաներում աշխատելու համար։ Դրանից հետո նրանց հետ Վրաստանի պետական գերատեսչության միջոցով աշխատանքային պայմանագրեր են կնքվել։
Ծրագրին մասնակցածներից ոմանք շատ դժգոհ էին մնացել Գերմանիայում իրենց աշխատանքային փորձից: Ելակի ֆերմայում աշխատող 18 սեզոնային աշխատող, Գերմանիայի արհմիությունների կոնֆեդերացիայի օգնությամբ, հայց են ներկայացրել գերմանական դատարան և պահանջել փոխհատուցում 2021 թվականի հունիսին գործատուի կողմից պատճառված հարկադիր պարապուրդի համար։
Պարզվել է նաև, որ Գերմանիայում գործատուն վրացի սեզոնային աշխատողների հետ պայմանագիրը կնքել է անգլերենով, «ինչն ակնհայտորեն հակասում է գերմանական օրենսդրությանը»:
«Աշխատակիցներից ոչ ոք չէր տիրապետում նշված լեզուն։ Պայմանագրում նշված էր, որ աշխատողները ստանալու են ժամը 9,35 եվրո, սակայն փաստորեն գործատուն խախտել է նաև այս պայմանը։ Նա ժամավարձի փոխարեն վճարը հաշվարկել է հավաքված երեք տուփ ելակի համամասնությամբ»,- նշում են արհմիությունից։
«Գործատուն պնդում էր, որ վրացի աշխատողները ժամանակին չեն ներկայացել աշխատավայր, օգտագործել են ալկոհոլ, առավոտյան չեն ցանկացել աշխատել և ժամանակից շուտ հեռացել են աշխատավայրից։ Այնուամենայնիվ, գործատուն չի կարողացել ապացուցել այդ պնդումներից որևէ մեկը՝ դրանք բոլորը հիմնված են եղել լոկ բառերի վրա, ինչի պատճառով դատարանը փաստարկները համարել է անհիմն», – նշում են արհմիությունից:
Ըստ GTUC-ի, դատարանը կիսել է վրացի սեզոնային աշխատողների պահանջները՝ համոզվելով, որ վրացիները ցանկացել են լրիվ դրույքով աշխատել երկիր ժամանելուց անմիջապես հետո, սակայն գործատուն նրանց նման հնարավորություն չի ընձեռել և նրանք հայտնվել են հարկադիր պարապուրդի պայմաններում:
Արդյունքում, դատարանը գործատուին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել յուրաքանչյուր աշխատակցի օգտին հարկադիր պարապուրդի համար 2021 թվականի մայիսի 11-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1018 եվրոյի չափով, իսկ 2021 թ. հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը ընկած ժամանակահատվածի դիմաց՝ 909 եվրո։
Արհմիությունը նշում է, որ վրացական դատարանում «շարունակվում է պայքարը» Զբաղվածության խթանման գործակալության դեմ՝ կորցրած աշխատավարձերը և բարոյական վնասը վերականգնելու համար։
Ակնկալվում է, որ գործընթացը կնշանակվի մոտ ապագայում։ Դատավարության ժամանակ որպես վկա կմասնակցի MIRA կազմակերպության ներկայացուցիչը, որը կցված է Գերմանիայի աշխատանքի դաշնային գործակալությանը։ Նրանց աշխատակիցն այցելել է վրացի սեզոնային աշխատողների աշխատավայրեր և մի շարք խախտումներ հայտնաբերել։