Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ինչպես նաև մի քանի պատգամավորներ, այսօր՝ հուլիսի 5-ին, մարզային այցերի շրջանակներում եղան Ջավախքում։

Շալվա Պապուաշվիլին այցելել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի վանական համալիր, որից հետո Գանձա գյուղում եղել հայ գրող Վահան Տերյանի տուն-թանգարանում։ Հիացել Ջավախքի ազգային զբոսայգուն պատկանող Փարվանա, Սաղամո և Մադաթափա լճերի գեղեցկությամբ: Այնուհետև շրջայց է կատարել «Նինոծմինդա» սահմանային անցակետում։

Շրջան կատարած այցի ընթացքում նրան ուղեկցել են խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը, Սումբաթ Կյուրեղյանը, Սոզար Սուբարին, Անտոն Օբոլաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և այլք։

Ախալքալաքում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Զուրաբ Ժվանիայի անվան Պետական վարչարարության դպրոցի դահլիճում, որտեղ մինչ դպրոցների, կրթական ռեսուրս կենտրոնի, Ժվանիայի դպրոցի տնօրենների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը, նա շրջայց է կատարել դպրոցում և հետևել վրացերենի դասապրոցեսին:

Դահլիճում տեղի ունեցած քննարկման ժամանակ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է պետական լեզվի ուսուցման կարևորությունը՝ հատկապես այն շրջանում, որտեղ նա հիմա է գտնվում։ Նա նաև նշել է, որ պատասխանատվությունն ու վրացերենի ուսուցման հնարավորությունը դրված է պետության ուսերին։ Քննարկման ընթացքում շոշափվել է վրաց լեզվի որակյալ ուսուցիչների պակասի խնդիրը և այլն։

Շալվա Պապուաշվիլին պատասխանել է նաև Jnews-ի հարցերին։ Վերջինիս հետ հարցազրույցին կարող եք ծանոթանալ մեր կայքում փոքր-ինչ ուշ։