Վերջին ամսվա ընթացքում Ախալքալաքում մեղվաբույծներն անհանգստացած են, քանի որ արջերը մտնում են մեղվանոցներ և ավիրում: Բանն այն է, որ ոչ մի գյուղացու փեթակ ապահովագրված չէ, պարզվում է Վրաստանի գյուղնախարարությունը մեղուներին չի էլ ապահովագրում:

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից JNEWS-ին հաստատեցին, որ իրենց ընթացիկ նախագծերում չունեն մեղուների ապահովագրություն, բայց հնարավոր է առանձին ապահովագրական ընկերություններ ունենան։

Արջերն առաջին անգամ Ախալքալաքի շրջանի Մյասնիկյան գյուղ էին մտել հունիսի 9-ին և ավիրել Աբգարյաններին պատկանող մեղվանոց: Այնուհետև՝ Կարծախ, Դադեշ, Խավեթ, Բոզալի և այլ գյուղեր։

Ամենաշատ տուժել է Խավեթում Պետրոսյանների ընտանիքը: Նրանց պատկանող 13 փեթակից 5-ն ամբողջությամբ ոչնչացրել է արջը։

Հարկ է նշել, որ հունիսի 28-ից հետո արջը չի երևացել, սակայն ապահովության համար Լիպարիտ Պետրոսյանն իր մեղվանոցի ամբողջ երկյանքով տոնածառի գույնզգույն լույսեր է քաշել, մտածելով, որ դրանով արջերին կվախեցնի:

Գյուղացիները փոխհատուցում ստանալու համար դիմում են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետարան, սակայն նրանց ասել են, որ չեն կարող փոխհատուցում տալ:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Ախալքալաքի քաղաքապետարանը փոխհատուցում է միայն բնական աղետների ժամանակ. քամի, կայծակ, ջրհեղեղ և այլն: Նման դեպքերում չեն կարող որևէ փոխհատուցում տրամադրել։