ԱՄՆ-ն հետաքննում է այն փաստը, որ արգելված բեռներով նավթատար հեղուկանավը մտել է վրացական Բաթումիի նավահանգիստ, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
«Իհարկե, մենք ուսումնասիրում ենք այս հարցը։ Սա շատ կարևոր հարց է, և բոլորը հետևում են նման ակտիվություններին։ Մենք աշխատում ենք պետական կառույցների, մաքսայինի և Եկամուտների ծառայության հետ: Մենք լավ համագործակցություն ունենք նման հաղորդումների վերաբերյալ»,- լրագրողներին հայտնել է Դեգնանը:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով՝ իրենք կշարունակեն «ուշադրությամբ հետեւել պատժամիջոցները շրջանցելու բոլոր փորձերին»։ Դեգնանը ընդգծել է, որ այս գործընթացում «շատ կարևոր» է Վրաստանի կառավարության լուրջ վերաբերմունքը։
Կիրակի օրը թուրքական դրոշով հեղուկանավի մասին, որը տեղափոխում էր մինչև 30 հազար տոննա նավթ և պատկանում էր ռուսական ընկերությանը, հաղորդել էր ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքը: Լրագրողները կատարվածը գնահատել էին որպես միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար Վրաստանին օգտագործելու փորձ՝ ենթադրելով, որ դրանում ներգրավված են երկրի իշխանությունները։
Վրաստանի կառավարությունը հաստատել է նավը Բաթումիի նավահանգիստ մուտք գործելու փաստը՝ միաժամանակ նշելով, որ ոչ նավը, ոչ նրա սեփականատերը ներառված չեն միջազգային պատժամիջոցների ցուցակներում։ Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ միայն փաստաթղթերը ստուգելիս է պարզվել, որ նավը պատժամիջոցային բեռ է տեղափոխում։ Արդյունքում հեղուկանավը հետ է դարձվել՝ առանց բեռնափոխադրումը իրականացնելու թույլտվության։