Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 22-ին խորհրդարանում տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասել է, որ իշխանությունները երկրում խաղաղությունը կպաշտպանեն «հրով ու սրով»: Այսպիսով, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է պատերազմի թեմային, որին իբր որոշ ուժեր մղում են Վրաստանին։ Իշխող կուսակցության նարատիվն այն է, որ Թբիլիսին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չի ստանում, քանի որ այն երկրորդ ճակատ չի բացում Ռուսաստանի դեմ:
«Վրաստանի ապագան եվրոպական է, մեր երկրի ապագան առաջադեմ է և, իհարկե, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովուրդն ավելի շատ առաջընթաց ապրի, մեր երկիրը հասնի ավելի մեծ զարգացման։ Վստահեցնում եմ, որ մեր ամբողջ թիմը, «Վրացական երազանքը» ամեն ինչ կանի երկրում խաղաղությունը, կայունությունը և զարգացումը պահպանելու համար։ Ոչ ոք չի կարող մեզ խանգարել դա անել: Եթե որեւէ մեկը համարձակվի որեւէ կերպ ապակայունացնել իրավիճակը, մենք բոլոր օրինական միջոցներով կպաշտպանենք մեր ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։ Մենք հրով ու սրով կպաշտպանենք մեր երկրի ու ժողովրդի խաղաղությունը, թող ոչ ոք չկասկածի»,- ասել է Ղարիբաշվիլին։