Հայաստանի ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։
«Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։ Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ, այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»,- գրել է Վանեցյանը։
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նա նաև նշել է, որ կուսակցության որոշմամբ փաստացի դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
«Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու, և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու, որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար։ Այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի»։
Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց, եթե նա այդ յոթ օրերի ընթացքում դիմումը հետ չվերցնի։