Աքսաննա Ավետյանը երկար տարիների քրտնաջան աշխատանքից հետո ստացել է մարզիչի (ուսուցչի) որակավորում, դրան զուգահեռ ընդունվել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան և տեղափոխվում է այնտեղ կրթությունը շարունակելու։
Յոթ տարեկանից հաճախել է կարատեի, առաջին բարձրունքը, որին ցանկացել է հասնել, դա եղել է սև գոտին: Հիմա արդեն ունի երկու սև գոտի, առաջին և երկրորդ «դան»։ Հաջորդ նպատակն է եղել կարատեի ասպարեզում լինել ոչ թե աշակերտ, այլ մարզիչ, դրան էլ է հասել։ Սպասեց, եղավ 18 տարեկան և քննություն հանձնեց։ Հիմա արդեն Աքսաննան պաշտոնապես մարզիչ է։
«10 տարի պարապել եմ, աշխատել եմ, որ հասնեմ այս օրվան։ Շատ ուրախ էի, որ իմ նպատակն ու երազանքն իրականացավ, և երբ ես անձնագրիս մեջ տեսա աշակերտի փոխարեն ուսուցիչ գրած, մի ուրիշ զգացողություն էր։ Իհարկե, ծնողներիս և մարզիչիս արձագանքը շատ դրական էր, քանի որ այս նպատակը միայն իմը չէր, այլ նաև իրենցը»:
Արդեն կարատեի մարզիչ Աքսաննան մի քանի տարի Ախալքալաքում աշակերտ չի մարզի, քանի որ օգոստոսին մեկնում է Ռուսաստան սովորելու և ապրելու նպատակով։ Միայն հույս է հայտնում, որ կարող է մի օր վերադառնա և շարունակի իր աշխատանքը, իր սիրած սպորտաձևում։
Դժվար է, նոր քաղաք, նոր շրջապատ… բայց վստահ է, որ կհաղթահարի։
«Հեշտ չէ, գնալ ու այստեղ թողնել ամեն ինչ, իմ աշակերտներին, մարզիչիս, ընկերներիս, բայց կրթությունը պետք է, և այնպես ստացվեց, որ պետք է գնանք Ռուսաստան ապրելու, ես չեմ պատրաստվում թողնել սպորտը, այնտեղ շարունակելու եմ։ Եթե ստացվի նորից հետ գալ, ապրելու, ավելի լավ»:
Աքսաննայի ընտանիքում Ռուսաստանում ապրելու որոշումը կայացրել են այն ժամանակ, երբ նրա եղբայրը Մոսկվա է գնացել կրթությունը շարունակելու՝ 2020 թվականին։ Դրանից հետո ծնողները որոշում են կայացրել գնալ Ռուսաստան ապրելու, Աքսաննան էլ որոշում է բարձրագույն կրթությունը շարունակել այնտեղ։
Աքսաննան ընդունվել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան։ Ցանկանում է դառնալ իրավաբան։
Շատ է ուզում հետ վերադառնալ, իր աշակերտներին և գործին, միևնույն ժամանակ նշում է՝ եթե իր մասնագիտությամբ աշխատանք գտնի, չի վերադառնա։ Չի ուզում թողնել սպորտը, որոշել է, որ Ռոսաստանում էլ սիրած գործով կզբաղվի:
Այս պահին Աքսաննան մարզումներ է անցկացնում՝ թե տանը, թե Սպորտ դպրոցում։ Հինգ աշակերտ ունի, որոնց անհատական տանն է մարզում, իսկ Սպորտ դպրոցում՝ 30 աշակերտ։
Աշխարհի չեմպիոն աղջիկը՝ Ախալքալաքից