«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային առաջատար գործընկերը, տնտեսության մեջ ներդրում իրականացնողը՝ չնայած համավարակի հետևանքով գրանցված անկմանը», – Երևանում այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ հաջողվել է վերականգնել առևատրաշրջանառության կայուն աճը, զարգացնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում միջուկային, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և բարձր տեխնոլոգիաները:
«Ակտիվորեն աշխատում ենք մարդասիրական ուղղությամբ՝ պահպանելով և հզորացնելով հանրակրթական, գիտական և լեզվական տարածքը։ Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ մենք աշխատում ենք հանրապետությունում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, նպաստել ռուսերեն ուսուցիչների որակավորման բարձրացմանը և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայ քաղաքացիների քվոտաների ավելացմանը»,- ասաց նա։
Լավրովը հայտնել է, որ շարունակում են սերտ համագործակցել միջազգային արենայում գործողությունների համակարգման առումով, միջազգային ու տարածաշրջանային շատ հարցերում Հայաստանի ու Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են։
«Հատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության ամրապնդման ուղղությամբ։
«Մենք երախտապարտ ենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի կայունացնող դերի վերաբերյալ բարձր գնահատականի համար։ Գոհունակություն ենք հայտնել հունիսի 3-ին Մոսկվայում կայացած Անդրկովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների վերաբերյալ, որը համանախագահել են երեք երկրների փոխվարչապետերը», – հայտնել է Լավրովը՝ ավելացնելով, որ արածարծել են նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքի թեման։
«Մեր կողմից մենք հաստատել ենք պատրաստակամություն օգնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և լուծել հումանիտար խնդիրները, որոնք պահպանվում են այդ տարածաշրջանում»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանցի պաշտոնյան ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նշելով, որ այն ևս կնպաստի տարածաշրջանում իրադրության առողջացմանը։
Նյութը՝ panorama.am-ի