Միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 4-ին՝ վրաց լեզու և գրականություն առարկայի քննությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը։
Նրա խոսքով՝ այս տարի քննություններին դիմակ կրելու անհրաժեշտություն չի լինի։ Միաժամանակ, ըստ փոխնախարարի, եթե դիմորդների մոտ հաստատվի կորոնավիրուսային վարակ, նրանց համար կնշանակվի լրացուցիչ օր, և նրանք դուրս չեն մնա քննաշրջանից։
Ինչպես նշել է Նունու Միցկևիչը, ուսանողական դրամաշնորհային մրցույթին մասնակցել ցանկացողները քննությանը կարող են մասնակցել հուլիսի 6-ին։ Հուլիսի 6-ից քննական գործընթացում կներգրավվեն նաև ուսուցիչները։ Նրանց համար, ովքեր առարկայական և մասնագիտական հմտությունների քննություններին մասնակցելու համար գրանցվել են՝ քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 25-ը ներառյալ։
«Ինչ վերաբերում է մագիստրոսության թեկնածուներին, ապա նրանց համար քննությունը կանցկացվի հուլիսի 26-27-ը։
2022 թվականին քննություններին մասնակցել ցանկացողների գրանցման վիճակագրությունն այսպիսին է.
Միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 41 000 դիմորդ։
Ուսանողական դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 2 500 ուսանող։
Ընդհանուր մագիստրոսական քննությանը գրանցվել է ավելի քան 9 500 դիմորդ։
Ընդհանուր առմամբ, ուսուցիչների առարկայական և մասնագիտական հմտությունների քննությունը հանձնելու համար գրանցվել է ավելի քան 34 500 մարդ։
Քննության օրվա, ներկայանալու ժամի և քննական կենտրոնի հասցեի մասին մանրամասն տեղեկատվությունը կնշվի հատուկ քննական քարտի վրա, որը քննվողները հունիսի երկրորդ կեսից կկարողանան տպել իրենց գրանցման էջից»,- ասել է Նունու Միցկևիչը։