Երկար տարիներ է, ինչ ալաթումացիները ուզում են նորմալ խմելու ջուր ունենալ, սակայն ձեռնարկված բոլոր ջանքերն ապարդյուն են: Ինչպես նշում է գյուղի նախկին մասնագետը՝ մինչև հիմա նրանք օգտվում են հին ջրատարից: Թե ինչո՞ւ այդքան աշխատանքներից հետո ջուրը նոր խողովակաշարով գյուղ չի հասնում բնակիչները չգիտեն, սակայն փաստ է, որ այդ ջրատարի վրա տարիներ շարունակ մեծ գումար է ծախսվել։

Ախալքալաքի տեղական իշխանությունները դեռ 2017 թվականից մի քանի նախագիծ են իրականացրել գյուղը խմելու ջրով ապահովելու համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով, դրանք չեն լուծել գյուղի խմելու ջրի խնդիրը: Շինաշխատանքների համար հատկացվել էր 205 840 լարի: Երկու տարի տևած աշխատանքների ավարտին պարզվեց, որ նոր ջրատարից ջուր չի հոսում, քանի որ նախագիծն է սխալ՝ հաշվի չէին առել, որ ջուրը հոսելու էր բարձրունքից:

Այնուհետև, որոշվեց շրջանցել առաջին նախագծով անցկացված ջրագիծը և նոր 2000 մ երկարությամբ նորն անցկացնել: Արդեն 2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը 61 162 լարի հատկացրեց Ալաթումանի ջրատարի վերակառուցմանը: Ջրատարը կառուցվեց, սակայն ջուրը հոսեց ընդամենը մեկ ամիս:

«Անցած աշուն եկան միացրին, մեկ ամիս հետո նորից ջուր չեկավ, քանի որ գլխավոր ջրատարին չեն միացրել, ներքևում աշխատանքներն ավարտված չեն, հին ջրագիծը ավազան ունի, իսկ նորը՝ չունի։ Երբ նոր ջրագիծը միացրին հնին, մոտ մի ամիս անց ջուր էլ չեկավ, ստիպված նորը անջատեցինք և նորից հինը միացրինք, որպեսզի ձմռանը չսառեր համակարգը։ Հիմա պետք է նորից հայտարարել էլեկտրոնային մրցույթ, որպեսզի վերջնական աշխատանքներն ավարտին հասցվեն», – ասում է գյուղի նախկին (քանի որ պայմանագիրը կանգեցվել է) մասնագետ Մակբեթ Տոնոյանը։

Չնայած ծախսված միջոցներին ու ժամանակին, միևնույն է Ալաթուման գյուղում մարդիկ նորից հին ջրատարի ջուրն են խմում, որը կառուցվել 32 տարի առաջ:

Գյուղացիները նշում են ազբեստե խողովակաշարը մաշված է, և վնասակար իրենց առողջության համար։ Ազբեստը թունավոր է, բայց ուզած- չուզած օգտագործում են:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է՝ խնդրին լուծում է տրվել դեռ անցած տարի, թե հիմա ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել, տեղյակ չէ, իրեն ոչ ոք չի դիմել, բայց հետամուտ կլինի և հենց տեղում կպարզի, թե ինչ է կատարվում:

«Այս ջրագծի հետ կապված տարիների պատմություն կա, սկզբից եղել է տեղանքի հետ կապված խնդիրներ: Հետո ալտերնատիվ ուղի մտածվեց, նորից գումար հատկացվեց: Գիտեմ, որ հինը փոխել են նորով և նոր ջրագիծը ծառայում է ժողովրդին։ Մենք հանդիպել ենք գյուղացիների հետ, նրանք նույնպես փաստեցին, որ հարցը լուծված է։ Հիմա այս տարի, թե ինչ խնդիրներ են առաջացել, ինձ ոչ ոք բան չի ասել: Ես անպայման հետևողական կլինեմ, տեղում կծանոթանամ իրավիճակին»:

Հատկանշական է, որ երեք տարի շարունակ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղին հատկացված միջոցները ևս ծախսվել են ջրատարի վրա:

Բեժանո-Ալաթուման ջրատար խողովակաշարի երկարությունը կազմում է 6 կմ 400 մ, որից մոտ 1 կմ 500 մ-ն անցնում է մասնավոր հողերի միջով:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ալաթումանում նորից խմելու ջրի ջրագիծ են կառուցում

Ալաթումանում նոր ջրագծի կառուցումը կրկին հետաձգվել է

Վտանգավոր խմելու ջուրը

Ոչ ոք չի ցանկանում նախագիծ կազմել նոր ջրագծի համար

Ջրագիծը կառուցվում է, սակայն ջուրը չի հոսի

Առողջության համար վտանգավոր ջրատար խողովակը կփոխվի