Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղում շուրջ 20 տարի է օգտվում են ազբեստի (կտավաքար) խողովակներից հոսող ջրից, որը վտանգավոր է առողջության համար։

Գյուղացիները բողոքում են ոչ միայն ջրի որակից, այլ նաև այն փաստից, որ ամառվա ամիսներին բացարձակապես զրկվում են խմելու ջրից։
«Ծորակը բացում ենք ջրի հետ սև տափակ որդ է գալիս, բաժակի մեջ մի քանի րոպե թողնում ենք, տակը նստվածք է տալիս, չենք կարող լիարժեք օգտագործել։ Անցած տարի 4 տարեկան երեխա էր թունավորվել հենց ջրի պատճառով»,- պատմեց Ալաթուման գյուղի բնակիչ Նոդար Չախոյանը
alatuman jur1

Գյուղի ջուրը գալիս է հարևան Բեժանո գյուղից, սակայն ազբեստյա խողովակներից, որոնք կիրառվում են ամենատարբեր բնագավառներում. շինարարություն, հրթիռաշինություն, ավտոմեքենաների արդյունաբերություն, ինչպես նաև ոռոգման ջրագծեր անցկացնելու համար, բայց ոչ որպես խմելու ջրագիծ։

Ալաթումանցիները որոշել են «օգնություն գյուղին» ծրագրից ստացած գումարները օգտագործել նոր ջրուղի քաշելու համար, սակայն դրանով հարցը դեռ երկար ժամանակ լուծված չի լինի։
«Արդեն 2 տարի է ինչ գյուղական ծրագրով նախատեսված ամբողջ գումարին խողովակ ենք վերցրել։ Գյուղական ծրագրի մեկ տարվա գումարը կազմում է 15000 լարի, այս պահին մենք ունենք 1800 մետր խողովակ, սակայն ամբողջ ջրագծի համար հարկավոր է 6000 մետր խողովակ»,- ասաց Ալաթումանի գյուղապետ Մակբեթ Տոնոյանը։
alatuman jur

Թե քանի տարի և քանի գյուղական ծրագրի գումար է հարկավոր ալաթումանցիներին նոր ջրուղի քաշելու համար, պարզ չէ, սակայն հստակ է մի բան՝ գյուղացիները խմում են ջուր այնպիս խողովակից, որը պարունակում է ինչպես քաղցկեղածին, այնպես էլ այլ վտանգավոր նյութեր։

Ջուլիետա Տոնականյան