Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին երեկ Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է.
«Տարին առանձնահատուկ է հայ-վրացական հարաբերությունների համար. լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Թեև միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, բայց մեր երկրների միջև բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները»:
ՀՀ Նախագահը գոհունակությամբ նշել է, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:
Բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին:
«Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և իզուր չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական: Հարաբերությունների նման որակումը պայմանավորված է ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպումների պարբերական բնույթով, միջգերատեսչական ակտիվ շփումներով, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության տեմպի աճով, և որ շատ կարևոր է, վերոնշյալ գործընթացները հիմնված են լիակատար փոխվստահության ու հարգանքի վրա»:
Կողմերը մասնավորապես քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսիք են՝ Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները:
Վերահաստատել պահպանելու առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակը և առավել հարստացնելու համագործակցության օրակարգը:
Անդրադարձ է կատարվել նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին»: