Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի դպրոցը, որը դեռ ապրիլից շենքի տարածքում օձեր հայտնվելու պատճառով փակվել էր և անցել հեռավար ուսուցման ռեժիմի, մինչև ուսումնական տարվա ավարտ կմնա փակ: Իսկ դպրոցի աշակերտները երեկվանից հաճախում են Ժդանով գյուղի հանրային դպրոց։

Քանի որ դպրոցի տարածքում դեռ օձեր կան, աշակերտները չեն կարող հաճախել դպրոց, այդ իսկ պատճառով ԿԳ նախարարության թույլտվությամբ նրանք հաճախում են հարևան գյուղի դպրոց։

«Նախարարությունից թույլտվություն ստացանք, Ժդանովի դպրոցում մեզ տարածք տրամադրվեց: Մինչև կիսամյակի ավարտ այնտեղ դասեր կանենք», – JNEWS-ին հայտնեց Սամեբա գյուղի դպրոցի տնօրեն Մզեքալա Մինաձեն։

Այս գյուղում վերջին զանգի միջոցառում չի եղել, քանի որ դպրոցը փակ է։ Այս տարի դպրոցն ավարտել է թվով 5 շրջանավարտ։

Հիշեցնենք, որ Սամեբայի դպրոցը առաջին անգամ է փակվում օձերի քանակի կտրուկ շատացման պատճառով: Շենքում արդեն երկու անգամ ախտահաման աշխատանքներ են կատարվել: