Եղբայրներ Դավիթ և Գուգա Կակուլիաները ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու, ձեռք բերելու և կրելու մեղադրանքով, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Նրանք հայտնի նախկին քրեական հեղինակություն Դավիթ Կակուլիայի, նույն ինքը՝ «Դաթո թբիլիսկիի» որդիներն են, որին Մոսկվայում գողական հաշիվների ժամանակ պայթեցրել էին մեքենայում։
Լրատվամիջոցները գրում են Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած երկու աղմկահարույց հանցագործություններին Կակուլիա եղբայրների հնարավոր մասնակցության մասին։
Ենթադրվում է, որ դրանք կապված են անցյալ շաբաթ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետ։ Վակեի Արաղիշվիլի փողոցում մոպեդից կրակոցներ են արձակվել՝ ավելի քան տասը փամփուշտ, երկու տղամարդու ուղղությամբ։
Կակուլիա եղբայրների անունները շոշափվում են նաև անցյալ տարվա սեպտեմբերին Թբիլիսիում 22-ամյա ծրագրավորող Նիկա Կվարացխելիայի սպանության հետ կապված։
Այդ ժամանակ վարկած էր առաջ քաշվել, որ երիտասարդի սպանության պատվիրատուները Կակուլիա եղբայրներն են, ովքեր հոր մահից 20 տարի անց որոշել են վրեժ լուծել նրա մահվան համար և վարձել ել մարդասպանների։
Ինքը՝ Նիկա Կվարացխելիան, ոչ մի առնչություն չի ունեցել գողական աշխարհի հետ և հայտնի է եղել որպես առաջին վրացական Feedc սոցիալական ցանցի ստեղծող։ Բայց հենց նրա հայրը՝ օրենքով գող Գիա Կվարացխելիան, որի մականունն էր «Լապշա», ում անունը մամուլում նշվում էր քսան տարի վաղեմության «Կակուլիա ավագի» հետ հաշիվներ մաքրելու մեջ ներգրավվածների թվում:
Լրատվամիջոցներն անմիջապես առաջ քաշեցին «գողական վենդետայի» վարկածը:
Այս պահի դրությամբ Կակուլիա եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հոդվածով։
Ներքին գործերի նախարարությունը դեռ մեկնաբանություններ չի կատարել, թե ինչ քրեական գործերով են նրանք անցնելու։