Կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են խարդախության փաստ՝ ձերբակալվել է հանցավոր խմբի վեց անդամ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ձերբակալվածներին սպառնում է վեցից ինը տարի ազատազրկում։
Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի սկզբին մեղադրյալները հանցավոր խմբի անդամների հետ ծրագրել են խարդախության միջոցով տիրապետել ֆինանսական հաստատություններից մեկին պատկանող խոշոր չափի գումարին։
Պլանը կատարելու համար ձերբակալվածներից մեկը՝ 46-ամյա Բ. Շ.-ն, ով ընկերության տնօրենն է հանդիսանում, դիմել է ֆինանսական հաստատություն և պահանջել տեղադրել POS-տերմինալ (Point Of Sale՝ վաճառքի կետ), սա բանկային քարտերի միջոցով վճարումներ ընդունելու տեխնիկական սարք է:
Մեղադրյալի կողմից POS-տերմինալը ստանալուց հետո՝ հանցավոր խմբի անդամները ապօրինի մանիպուլյացիաների արդյունքում ակտիվացրել են, այսպես կոչված, «պրեավտորիզացման» ֆունկցիան։
Հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, մեղադրյալները POS-տերմինալից կատարել են 16 տարբեր վճարումներ՝ ընդհանուր 2 314 890 լարի (ավելի քան 782 հազար ԱՄՆ դոլար) գումարով։
Միևնույն ժամանակ, օգտագործվել են արտերկրում գրանցված բանկի երկու բանկային պլաստիկ քարտեր, որոնց վրա համապատասխան գումար չի եղել։
Հանցավոր խմբի անդամներն ապօրինի գործարքներից հետո ամենակարճ ժամկետներում գումարի մի մասը փոխանցել են սեփական հաշվեհամարներին ու կանխիկացրել։
Խարդախության արդյունքում նյութական վնասը կազմել է 975 530 լարի (ավելի քան 329 հազար դոլար)։
Ընկերության տնօրենին պատկանող ավտոմեքենայի խուզարկության ժամանակ առգրավվել է հրազեն, ամրակ և 12 պարկուճ, մեղադրյալը վերոնշյալ զինամթերքը կրելու թույլտվություն չի ունեցել։
Ընկերության գրասենյակում խուզարկության ժամանակ առգրավվել է նաև POS-տերմինալը, որի միջոցով կատարվել են ապօրինի փոխանցումները։
Ձերբակալվածների մեքենաների և բնակարանների խուզարկության ընթացքում ոստիկաններն առգրավել են խոշոր չափի գումար, բանկային պլաստիկ քարտեր, բջջային և համակարգչային սարքեր, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր։
Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց բացահայտելու և բերման ենթարկելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է ապօրինի հրազեն, ռազմամթերք կրելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խարդախության փաստի առթիվ, որը պատճառել է զգալի վնաս։