Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան վերանորոգված է և բարեկարգված, բայց շուկայի վաճառասեղանները կրկին դատարկ են, իսկ շուկայի շրջակա տարածքը լի է վաճառողներով և գնորդներով:
Ախալքալաքի ագրարային շուկան բարեկարգված է: Անցկացված է կոյուղի, կառուցվել է հանրային զուգարան, անցկացված է խմելու ջուր, ասֆալտապատված է շուկայի տարածքը, կառուցվել են նոր տաղավարներ և այլն: Տեղական բյուջեն գյուղատնտեսական շուկայի բարեկարգման համար հատկացրել էր 275 000 լարի: Շուկան վերանորոգվեց երկու փուլով, երկու տարվա ընթացքում:
Բոլորը` և տեղի ղեկավարությունը և քաղաքի բնակիչները հույս ունեին, որ շուկայի բարեկարգմամբ կլուծվի փողոցային առևտրի խնդիրը: Սակայն շուկան արդեն մեկ ամիս է բարեկարգված է, բայց առևտրականները փողոցներից ներս չեն գնում, չնայած այն հանգամանքին, որ ՍՊԸ «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկա» ղեկավարությունը առաջարկել է նրանց տեղափոխվել շուկայի ներսի տարածք:
«Մենք 5 օր անընդմեջ խնդրել ենք տեղափոխվել շուկայի ներս, բայց նրանք մեզ չեն լսում, և չեն մտնում շուկա: Շուկայի պայմանները արդեն բավարարում են բոլոր պահանջներին: Բոլոր տենդերային աշխատանքները արդեն ավարտվել են», – ասում է գյուղատնտեսական շուկայի բժիշկ Սլավիկ Շիրինյանը:
Մրգեր և բանջարեղեն վաճառող Վլադիմիրը համաձայնում է ներս գնալ, բայց միայն բոլորի հետ:
«Ինձ առաջարկեցին, բայց եթե միայն ես ներս մտնեմ, հարցը չի լուծվի, թող մյուսները ևս ներս տեղափոխվեն: Այստեղ այնքան էլ հարմար չէ, մենք ինքներս ենք վրան խփել, տանջվում ենք մեկ բարձրացրու, պատռվում է` ամրացրու: Եթե բոլոր վաճառողները ներս տեղափոխվեն ես էլ ներս կանցնեմ », – ասում է վաճառող Վլադիմիրը:
Առևտրականներից ոչ մեկը չցանկացավ ներկայանալ: Նրանց ավելի հեշտ կլինի վաճառել շուկայի տարածքում: Բոլորը միաձայն ասացին, որ համաձայն են տեղափոխվել շուկայի ներս, եթե մյուսները նույնպես տեղափոխվեն: Եթե առնվազն մեկը մնա, ոչ ոք չի տեղափոխվի ներս: Ըստ նրանց, փողոցներում վաճառողները շատ ավելի հասանելի են հաճախորդներին, և եթե ինչ-որ մեկը մնա փողոցում, նա կլինի ամենաուժեղ մրցակիցը նրանց համար:
Ըստ վաճառողների և ՍՊԸ «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի» վերահսկիչ Մերուժան Հովհաննիսյանի, բոլոր վաճառողները թե շուկայի ներսում և թե փողոցում
1 քառակուսի մետր տարածքի համար վճարում են 1.5 լարի:
«Մեզ Գամգեոբան թույլ տվեց հարակից տարածքներից նույնպես գանձել տեղի համար վճարը: Շրջանային վարչությունը մեզ խոստացել է, որ մոտ ապագայում ազատելու է փողոցները առևտրականներից և տեղափոխելու նրանց շուկայի ներս: Բայց մենք չենք կարող ստիպել որևէ մեկին, մենք պարզապես առաջարկել ենք նրանց: Եթե տեղի իշխանությունները որոշեն արգելել փողոցային առևտուրը , ապա հարցը կլուծվի», – ասում է Մերուժան Հովհաննիսյանը:
Տեղի իշխանություններն ասում էին, որ շուկայի բարեկարգումից հետո, վաճառողներին փողոցներից տեղափոխելու են շուկայի տարածք: Ինչու դա դեռ այդպես չէ, մենք որոշեցինք հարցնել ենթակառուցվածքների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության ծառայության պետ Ալբերտ Նահատակյանին:
«Առևտրականները չեն ասում ճշմարտությունը: Պարզապես բոլորը մեղադրում են մեկը մյուսին, ժամանակ են ձգում, նրանց այդպես շահավետ է: Եթե ներս մտնեն, եթե ճիշտը ասենք, այնքան շատ են, որ չեն տեղավորվի բոլորը: Փողոցում վաճառողները այնքան շատ են, և նույնիսկ նրանք, ովքեր խանութ ունեն փողոցում չեն ծուլանում, և ամեն օր հանում են իրենց ապրանքները փողոց: Նրանք կարծում են, որ իրենց ապրանքները փողոցում ավելի լավ են աչքի ընկնում հաճախորդներին», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Իսկ Մերուժան Հովհաննիսյանը վստահ է, որ բոլորի համար շուկայում տեղ կլինի:
«Բոլոր առևտրային սեղանները դատարկ են, և, եթե առևտրականները ներս տեղափոխվեն, բոլորը կտեղավորվեն», – ասում է Մերուժան Հովհաննիսյանը:
Պետք է նշել, որ դատարկվող դարակների առկայությամբ, Ասպինձայի առևտրականները վաճառում են շուկայի տարածքում, սակայն ասֆալտի վրա:
Այն հարցին, թե ինչու չեն ցանկանում տեղադրել իրենց ապրանքը շուկայի խանութներում, բոլոր առևտրականներ պատասխանում են «չգիտեմ»:
Այս փաստը չի անհանգստացնում շուկայի բժիշկ Սլավիկ Շիրինյանին:
«Նրանք սովոր են վաճառել ասֆալտի վրա: Միշտ էլ այդպես է եղել, վաճառել են ասֆալտի վրա»:
Երկար տարիներ, առևտրականները արդարացնում էին իրենց, որ շուկան բարեկարգ չէ, պայմանները վատ են: Բայց հիմա, երբ շուկան համապատասխանում է պայմաններին վաճառողները կրկին չեն ուզում ներսում վաճառել:
Շուշան Շիրինյան