Ախալքալաքի Թումանյանի անվան Թիվ 1 հայկական դպրոցի մարզադահլիճում երեկ հնչել են վրացական երգեր ու ներկայացվել վրացական պարեր։ Դպրոցականների շուրթերից հնչել են երախտագիտության ու գովեստի խոսքեր։ Դպրոցում նշել են Վրաստանի Անկախության օրը։

Դպրոցի 5-11-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել տարբեր պարային համարներով, երգերով, ասմունքով, ինչպես նաև նբեմականացրել են պատմական մի դրվագ։ Միջոցառումը կազմակերպել էր վրացերենի ուսուցչուհի Էկա Թաթեիշվիլին։

Երեխաների ելույթները եկել էին դիտելու Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, նրա տեղակալ Գայոզ Լոմսաձեն, ինչպես նաև Սակրեբուլոյի այլ պատգամավորներ, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, ռեսուրս կենտրոնի աշխատակիցներ, ինչպես նաև Թիվ 1 դպրոցի ուսուցիչներ և այլք: