Վերջերս Եվրոպայում կապիկի ծաղկի վիրուսի բռնկում է գրանցվել։ Որոշ երկրներ մտցրել են կարանտին: Ինչ հիվանդություն է սա, արժե անհանգստանալ, և ինչ անել: Jnews-ը այս և շատ այլ հարցերի շուրջ զրուցել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանի հետ։

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) վարակիչ հիվանդություն է։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1958 թվականին Դանիայում, սակայն որպես առանձին հիվանդություն գրանցվել է 1970 թվականին։ Հիվանդությունը համարվում է էնդեմիկ, այսինքն՝ ունի իր բնական օջախն ու տարածքը, գրանցվել է միայն աֆրիկյան երկրներում, բայց անհայտ պատճառներով այն սկսել է տարածվել Եվրոպայում։

«Այս փաստը շատ հետաքրքիր է գիտնականների համար, և նրանք արդեն ուսումնասիրում են, թե ինչպես է եղել, որ ծաղիկը սկսել է տարածվել Եվրոպայում։ Նախկինում միայն կապիկներն էին հիվանդանում, իսկ կրծողները տարածում էին: Թե հիմա ինչպես է ստացվել, որ այն փոխանցվել է մարդկանց և մուտացիայի ենթարկվել, դեռ ոչ ոք չի կարող ասել։ Ընդհանրապես բազմաթիվ հարցեր կան, որոնք ուսումնասիրվում են»,- ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանը։

Ինչպես է վարակվում մարդը

Մարդը կարող է վարակվել օդակաթիլային և կոնտակտային ճանապարհով: Կապիկի ծաղկի վիրուսը հիմնականում տարածվում է սերտ շփման միջոցով, որն իր հերթին ուղղակի և անուղղակի է, կամ էլ կենցաղային իրերի միջոցով, եթե դրանք օգտագործվել են վարակված անձի կողմից և չեն ախտահանվել։ Համաճարակաբանի խոսքով, նույնիսկ խոսք է գնում վարակի սեռական ճանապարհով տարածվելու մասին:

Ինկուբացիոն շրջանը տևում է 5-ից 21 օր։

Հիվանդության ախտանիշները

Գլխացավեր, բարձր ջերմություն 38,5 աստիճան, այտուցներ, մկանացավ, ցավ վերջույթներում, ցավ մեջքի շրջանում, արտահայտված թուլություն, նեվրալգիա։ Տենդի սկզբից 3 օր անց դեմքի, ինչպես նաև ափերի և ոտքերի մաշկի, բերանի խոռոչի լորձաթաղանթների և սեռական օրգանների վրա ի հայտ է գալիս ցանավորումը։ Աստիճանաբար, ցանը ստանում է թարախաբշտիկների ձև, այնուհետև ծածկվում է կեղևով։ Միջինում մաշկի վրա կեղևները պահպանվում են երեք շաբաթ։ Այս հիվանդության դեպքում մահացությունը կազմում է 1%-ից մինչև 10%:

Խոցելի կատեգորիաները թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ են, հղի կանայք։ Հիմնականում մեծահասակների մոտ այն հանդիպում է թեթև, իսկ երեխաների մոտ՝ ծանր ընթացքով։

Համաճարակաբանի խոսքով, կապիկի ծաղկի վիրուսը ԴՆԹ պարունակող վիրուս է, որը մուտացիայի չի ենթարկվում, եթե արհեստականորեն չնպաստել դրան։

«Նման մարդկանց հետ շփվել պետք չէ, հատկապես, երբ ակնհայտ ախտանշաններ կան: Հիմա արդեն կան այս հիվանդության թեստերը: Պատվաստանյութը, ես չգիտեմ, հավանաբար դեռ չկա»,- ասում է համաճարակաբանը և հավելում, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, նրանք բավականին պաշտպանված են:

«Այն հիմնականում ավագ սերունդն է, ծնված մինչև 1980 թվականը, նրանք ունեն խաչաձև իմունիտետ, ինչը բավականին լավ է օգնում այս հիվանդության դեմ պայքարել, ավագ սերունդը, որը պատվաստված է, ավելի ապահով է»,- ասում է Գայանե Իսպիրյանը։

Նշենք, որ ԱՀԿ-ը բնական ծաղիկի դեմ պատվաստումը չեղարկել էր 1980 թվականին, քանի որ համարել էր, որ բնական ծաղկի վիրուսն արդեն անհետացել է աշխարհում։

Համաճարակաբան Գայանե Ֆիդանյանն ասում է, որ պետք չէ խուճապի մատնվել, կապիկի ծաղկի վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, որքան կորոնավիրուսը, քանի որ այն այդքան արագ չի տարածվում։ Բացի այդ, հիվանդությունն ունի շատ ընդգծված ախտանիշներ, որոնք օգնում են ճանաչել հիվանդին և մեկուսանալ նրանից։

Վրաստանում կապիկի ծաղկի վիրուսի դեպքեր չեն գրանցվել: Վրաց համաճարակաբանները կարծում են, որ հիվանդությունը կշրջանցի Վրաստանը։