Նինոծմինդայից Անուշ Կարսլյանը փոքրուց ունեցել է մի երազանք՝ հատել օվկյանոսը, ապրել և աշխատել Նյու Յորքում։ Եվ ահա 2019 թվականին նա տեղափոխվում է ԱՄՆ։ Հիմա աշխատում է որպես գրասենյակային մենեջեր և, միաժամանակ պրակտիկա է անցնում ՄԱԿ-ում, սակայն դեռ ունի ևս մեկ նպատակ՝ աշխատել ՄԱԿ-ի գլխավոր շտաբում, որը հենց Նյու Յուրքում է գտնվում։

Karslyan

Ծնվելով և մեծանալով Նինոծմինդայում, սովորելով քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում, խաղալով բակի երեխաների հետ, Անուշը միշտ անթաքույց մտածել է Նյու Յորքում ապրելու մասին: Ավնադական հայկական միջավայրում ծնված աղջիկը, ով միայն ֆիլմերում է տեսել իր երազանքների քաղաքը, փոքրուց սկսել է անգլերեն ֆիլմեր նայել, երգեր լսել, 5-րդ դասարանից հաճախել անգլերենի անհատական պարապմունքների:

karslyann<

Իր երազանքի հետ է կապել նաև մասնագիտությունը։ 2012 թվականին ընդունվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

Համալսարան ընդունվել է «4+1» ծրագրով։ Այն ավարտելուց հետո ցանկացել է մնալ Թբիլիսիում և աշխատել, բայց ի վերջո որոշել է վերադառնալ ծննդավայր: Որպես կամավոր ընդունվել է դպրոց և օգնել աշակերտներին սովորել վրացերեն, զուգահեռաբար աշխատել Նինոծմինդայի քաղաքապետարանում։

«Իհարկե ուզում էի Թբիլիսիում աշխատել, բայց ավելի կարևոր էր այն, որ մեր սերունդները ավելի լավ տիրապետեն պետական լեզվին, որոշեցի վերդառնալ Նինոծմինդա», – ասում է Անուշը։

Այդ ընթացքում չի դադարել մտածել Նյու Յորքի մասին, և միակ ու կարծես ավելի հեշտ միջոցը եղել է Green card ստանալը:

«Green card-ի մասին միշտ լսել էի, հետաքրքրվել, սակայն երբեք չէի պատկերացնում, որ կարող է դիմեմ ու ստանամ: Հաջողությամբ հաղթահարեցի հարցազրույցի փուլը։ Մի տարի տևեց ողջ փաստաթղթերի պատրաստումը, հարցազրույցն ինձ համար հեշտ էր, քանի որ ես գիտեի ինչի համար եմ գնում, և որ ամենակարևորն է տիրապետում էի անգլերենին», – ասում է Անուշ Կարսլյանը:

Anushsh

Եվ ահա 2019 թվականին նինոծմինդացի աղջիկն ուղևորվում է դեպի Նյու Յորք։

Սկզբնական շրջանում մեծ ու աղմկոտ քաղաքում դժվար է եղել, քանի որ ոչ ոքի չի ունեցել։ Անուշը չի օգտվել պետության կողմից տրված գումարային օգնությունից, քանի որ դա թույլ կտար մտածել, որ ինքը գումարային կախվածություն ունի։ Ամեն ինչ արել է ինքնուրույն՝ բնակարան է գտել, աշխատանք, ապահովագրություն, ամեն բան իր ուժերով է արել:

«Այս քաղաքը շատ հետաքրքիր է, այստեղ կյանքը միշտ աշխույժ է օրվա յուրաքանչյուր ժամի, այստեղ կարող ես մեծ նպատակներ իրականացնել, ինչը ուրիշ տեղ չես կարող, հնարավորությունների երկիր է։ Ամենակարևորն այստեղ տարիքային սահմանափակում չկա»։

Անուշն սկզբում դժվարությամբ է կողմորոշվել, ինչպես օգտվել մետրոյից, բայց նշում է, որ մետրոյով ավելի հեշտ է տեղաշարժվել, քան անձնական մեքենայով, քանի որ ԱՄՆ-ում խցանումները շատ են։ Հաշվի չառնելով մենտրոյի տարածքում ազատ վխտացող առնետներին նա ամեն օր գործի է գնում մետրոյով։

Երբ առաջին անգամ բնակարանի պատուհանից սկյուռիկներ են տուն մտել, Անուշը շատ է վախեցել, հիմա արդեն սովորական բան է դարձել:

Ամերիկայում մեր հերոսուհին շատ է զարմացել, երբ առաջին անգամ տեսել է, թե ինչպես են մարդիկ լվացքը տանում լվացքատուն:

«Դժվար էր առաջին շրջանը, բայց քանի որ իմ ցանկությունով էի եկել, պետք է ամեն ինչ հաղթահարեի։ Եվ սկսեցի դիմել աշխատանքի համար, միևնույն ժամանակ հաճախում էի տարբեր կուրսերի՝ մենեջմենթ, մարքեթինգ», – պատմում է Անուշը։

Հետաքրքրական է, որ նրա ծնողները լուրջ չեն վերաբերվել և միշտ մտածել են, որ Անուշի երազանքն անկատար կմնա:

«Ծնողներս գիտեին, որ ես միշտ ուզեցել եմ Ամերիկա գնալ, բայց երբեք չեն մտածել, որ դա իրականություն կլինի: Միշտ ասում էին, որ բոլորն են երազում, բայց չեն գնում, օրինակներ էին բերում, այ էս մարդու աղջիկն էլ երազեց ու չգնաց, մյուսը երազեց, իսկ վերջում ամուսնացավ», – ծիծաղով պատմում է Անուշը:

Երբ իմացել են, որ իրենց աղջիկը Green card է շահել, դեմ չեն եղել աղջկան միայնակ ԱՄՆ ուղարկել:

Anuah

Մեր հերոսուհին ԱՄՆ-ում ընկերություն է անում տարբեր ազգի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ վրացիների։ Նրանք փորձում են միմյանց նեցուկ լինել:

Անուշն ապրելու նպատակով այլևս Նինոծմինդա չի վերադառնա, իհարկե, պարբերաբար կայցելի ծնողներին, բայց այլևս իր ապագան ու հետագա անելիքները պատկերացնում է միայն ԱՄՆ-ում։

Նրա խորհուրդ է տալիս. «Եթե ունեք երազանքներ, նպատակներ, ապա հստակ քայլերով առաջ շարժվեք դեպի ձեր երազանքների իրականացում: Ուրիշների կարծիքներին ուշադրություն մի դարձրեք, որովհետև հաստատ կլինի մեկը կամ երկուսը, որ ինչ-որ հիասթափեցնող բան կասի»։