Այսօր առավոտվանից Նինոծմինդայի սահմանային Բավրա անցակետում կանգնած մեքենաները երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում հասան Ախալքալաք: Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում խուսափել երթևեկել Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածով:

Հունվարի 14-ի առավոտյան ժամը 9:00-ից Վրաստանի Բավրա անցակետից վրացի սահմանապահները արգելել են երթևեկությունը մինչև ժամը 16:00-ի սահմանները:

Ականատեսների խոսքերով ճանապարհը բաց է եղել, սակայն ճանապարհային ոստիկանությունը արգելել է երթևեկությունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Մեզ անընդհատ ասում էին փակ է ճանապարհը: 6 ժամ սպասել ենք, որ ձյուն մաքրող մեքենան Ախալքալաքից հասել է սահման: Սպասում էին, որ մեքենաները հավաքվեին, նոր շարժվեին»,- պատմեց խցանված մեքենաներից մեկի ուղևորը:

Վրաց սահմանապահները փակել էին անցակետը և թույլ չէին տալիս ոչ Հայաստանից գնացող մեքենաների մուտքը Վրաստան, և ոչ էլ Նինոծմինդայից դեպի Հայաստան շարժվող մեքենաների երթևեկությունը:

Ուղևոր փոխադրող մեքենայի վարորդի խոսքով սահմանում կուտակված է եղել ավելի քան 60 մեքենա:
«Սպասեցին այնքան մինչև սկսեց ձյուն տեղալ, հետո ձյուն մաքրող մեքենան եկավ, որ թույլատրեցին շարժվել: Դիմացից ձյուն մաքրող մեքենան էր գալիս հետո մենք: Ճիշտ է ժամը 3-ից հետո ձյան և քամու պատճառով տեսանելիությունը մոտ 2 մետր էր, սակայն ճանապրահը հիմնականում բաց էր»,- jnews.ge լրատվականի հետ զրույցում ասաց վարորդը, ով գրեթե 8 ժամ կանգնել է սահմանին:

Նշենք, որ կեսօրին եղանակն սկսեց վատանալ: Ջավախքում անդադար և առատ ձյուն է տեղում, որն ուղեկցվում է ուժեղ քամով:

Ինչպես տեղեկացանք Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից Նինոծմինդայից մինչև հայկական սահմանն ընկած ճանապարհահատվածը այս պահի դրությամբ անանցանելի է և մինչև առավոտ այն փակ է լինելու երթևեկության համար:

«Ուժեղ քամու և ձյան պատճառով ճանապարհի որոշ հատվածներ անընդհատ փակվում են: Մեքենաները չեն հասցնում մաքրել: Մարդկանց կոչ ենք անում խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածով»,- ասացին Վրաստանի ճանապարհային ոստիկանությունում: