Այժմ արդեն «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, որ ընտրության հնարավորություն ուներ մնալ իր պաշտոնում մինչև ամառ, սակայն որոշել է հրաժարական տալ հիմա։

«Մեր թիմը ներքին ժողովրդավարություն ունի։ Ամենաերկարը ես եմ եղել «Վրացական երազանքից» վարչապետը՝ 5 տարի։ Հաշվի առնելով թիմում զարգացած դեմոկրատական պրակտիկան՝ անհրաժեշտ է մյուս հաջողակ ղեկավարներին ևս հնարավորություն տալ դրսևորել իրենց կարողությունները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վերջինիս խոսքով՝ «պլանն ի սկզբանե այդպիսին է եղել»:

«Երկու տարբերակ կար՝ թիմն ինձ առաջարկեց մնալ մինչև ամառ, իսկ հետո [ռոտացիա]: Ես ընտրեցի առաջին տարբերակը, այն է՝ հրաժարական տալ հիմա, քանի որ ինձ պետք է, որ մի կողմից ավելի շատ ժամանակ տրամադրեմ կուսակցությանը, իսկ Կոբախիձեն՝ կառավարությանը»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է կուսակցության նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության համագումարում նրան հաջողություն է մաղթել վարչապետի պաշտոնում և խոստացել իր աջակցությունը։

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլին ինքն է «ցանկացել» հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։ Ինքը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետի պաշտոնը լքելիս չի ասել, որ հեռանում է սեփական նախաձեռնությամբ։ Նրա խոսքով, ինքն այս որոշումները քննարկել է թիմի հետ։ Նա նաև հայտարարել է, որ դիտարկվել է պլանը՝ պաշտոնավարելու մինչև ամառ կամ մինչ ակտիվ ընտրարշավի մեկնարկը, ինչից ինքը հրաժարվել է։

Աղբյուրը՝ Netgazeti