Սննդի հնարավոր դեֆիցիտի, ապրանքների գների բարձրացման, Ռուսաստանում և այլ երկրներում կանխատեսվող տնտեսական խնդիրների, այս և շատ ավելիի մասին, Jnews-ը զրուցել է «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Վլադիմիր Պապավայի հետ։

Ուկրաինայի պատերազմի սկզբում փորձագետներից շատերը Ռուսաստանի համար տնտեսական մեծ խնդիրներ էին կանխատեսում, սակայն մինչ օրս այս կանխատեսումները կարծես թե մինչև վերջ իրականություն չեն դարձել։ Ինչո՞ւ:

Սկսենք նրանից, որ տնտեսական պատժամիջոցները, որոնք Արևմուտքը կիրառել է Ռուսաստանի նկատմամբ, լիարժեք չեն, և այնտեղ կան մի քանի ակնհայտ «փոսեր»։ Եվրոպան ստիպված է շարունակել Ռուսաստանից գազ և նույնիսկ նավթ գնել, քանի որ որոշ եվրոպական երկրներ մեծապես կախված են ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Իսկ երկրորդ «փոսն» այն է, որ ոչ բոլոր երկրներն են, որոնք եղանակ են որոշում համաշխարհային տնտեսական ասպարեզում, միացել են այդ պատժամիջոցներին։ Ընդգծեմ, որ դրանք այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Իսրայելը, Թուրքիան, իհարկե, Չինաստանը, Հնդկաստանը։ Հետևաբար, ասել, որ պատժամիջոցները լիարժեք են, չի ստացվի: Սկզբում, իհարկե, նման շոկ առաջացավ, որի արդյունքում ռուբլին վեր ցատկեց։ Ռուսաստանը որոշակի արժութային պահուստներ ուներ՝ ռուբլին ամրապնդելու համար։ Դա նրանց հաջողվեց։ Հասկանում եք բանն ինչումն է, այս պատժամիջոցներն աշխատում են, դրանք, սկզբունքորեն, չեն կարող արագ էֆեկտ տալ։ Ռուսաստանում կարծում են, որ տնտեսական անկումը կկազմի մոտ 8 տոկոս։ Որոշ միջազգային գնահատականներով այն կկազմի 10-20 տոկոս։ Բայց ամեն դեպքում, այդ պատժամիջոցները կհանգեցնեն ռուսական տնտեսության կրճատմանը։ Սրա հետ համաձայն են անգամ իրենք՝ Ռուսաստանի իշխանություններն ու տնտեսագետները։

Ռուբլուն առնչվող դեֆոլտի կանխատեսումներ կային, սակայն ռուբլին ամրապնդվեց և ավելի բարձր դիրք զբաղեցրեց, քան ուներ պատերազմից առաջ:

Ինչ վերաբերում է դեֆոլտին, ապա Ռուսաստանին հաջողվել է խուսափել դեֆոլտից իր արժութային պահուստների շնորհիվ։ Ես կարդացել եմ այնպիսի ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ Ռուսաստանը դեֆոլտի դեպքում շատ բան չի կորցնի, քանի որ եթե Ռուսաստանը չվճարի իր պարտքերը, ապա առաջին հերթին կտուժեն այն երկրները, որոնց Ռուսաստանը պարտք է։ Դեֆոլտ հայտարարելը միշտ անշահավետ է, քանի որ դեֆոլտ հայտարարելով երկիրը կորցնում է արժանի գործընկերոջ հեղինակությունը, ուստի ներդրողները խուսափում են նման երկրից։ Բայց կոնկրետ այս դեպքում Ռուսաստանը կորցնելու ոչինչ չունի։ Որովհետեւ ներդրողներն արդեն լքել են Ռուսաստանը։ Տեսականորեն Ռուսաստանին չեն կարող վախեցնել դեֆոլտով։

Իսկ ինչպե՞ս կգնահատեք Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի վիճակը։

Կար ժամանակ, երբ լարին արժեզրկվում էր: Այժմ լարին համեմատաբար կայուն է։ Լարիի փոխարժեքը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ սպառողների ակնկալիքներից, նաև նրանից, թե ինչ տեղի կունենա տնտեսությունում, համաշխարհային տնտեսությունում։

Քանի որ համաշխարհային հանրությունը Վրաստանին դիտարկում է Ուկրաինայի հետ նույն շղթայի մեջ, արդյոք պատերազմի սկզբից ի վեր ներդրողների հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ նվազել կամ աճել է:

Ես կասեի, որ այժմ այս պատերազմի արդյունքում Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Բանն այն է, որ Վրաստանն առանցքային օղակ է Եվրոպան Ասիայի հետ կապող տրանսպորտային միջանցքում։ Եթե Կենտրոնական Ասիայի երկրները և հատկապես Չինաստանը օգտագործում էին Ռուսաստանին իրենց ապրանքները դեպի արևմուտք և դեպի Եվրոպա տրանսպորտավորելու համար, ապա այժմ այդ հնարավորությունները սահմանափակ են, եթե ոչ ամբողջությամբ են փակված, ուստի նրանք այլ ուղիներ են փնտրում իրենց տնտեսությունը արևմտյան աշխարհի հետ կապելու համար։ Շատ հետաքրքիր գործառույթ կա, որը կարող է ուժեղացվել Վրաստանում՝ սա տրանսպորտային միջանցքի գործառույթն է։ Ոչ վաղ անցյալում Ղազախստանը հայտարարել է, որ պատրաստվում է ավելացնել նավթի փոխադրումները Վրաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի միջոցով, ուստի տրանսպորտային հոսքերի ավելացված ինտենսիվությունն անշուշտ կնպաստի ներդրումների հնարավոր աճին։

Որքանո՞վ է հնարավոր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ակտիվացումը:

Երբ ապրանքների պատշաճ ծավալ չկա, տրանսպորտային միջանցքը գործարկված չէ։ Հիմա գալիս է հենց այդ ժամանակը, եթե արդեն իսկ չի եկել, երբ շատ երկրներ սկսում են մտածել, թե ինչպես կապել արևելյան երկրներն արևմուտքի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը։ Օրինակ՝ Չինաստանում դիտարկում և ակտիվորեն օգտագործում են ծովային տրանսպորտը։ Բայց նաեւ Չինաստանը հնարավորություն ունի օգտվել ցամաքային տրանսպորտից, եթե օգտվի ցամաքային տրանսպորտից, ապա Վրաստանի տարածքով ապրանքների հոսքը դեպի Արեւմուտք կմեծանա։ Ինչպես արդեն ասացի, Ղազախստանը հայտարարել է Վրաստանի տարածքով ղազախական նավթի տրանսպորտավորման ավելացման մասին։

Այսինքն՝ Դուք նկատի ունեք, որ ԲԹԿ-ի նկատմամբ հետաքրքրությունն ապագայում կմեծանա:

Դրա համար փաստացի բոլոր պայմանները ստեղծված են։

Ուկրաինայում պատերազմի սկզբում փորձագիտական հանրությունն ասում էր, որ թանկացում լինելու է, ինչպես նաև՝ դեֆիցիտ։ Թանկացումները հաստատվեցին, իսկ դեֆիցիտի մասին ինչ կասե՞ք:

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո գիտական շրջանառության մեջ ի հայտ եկավ «պարենային պատերազմ» տերմինը։ Սա շատ կարևոր գործոն է, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան միասին, օրինակ, ցորենի արտահանման մեջ նրանց մասնաբաժինը կազմում էր 25%, բայց Ուկրաինան, պատերազմի պատճառով, հիմա չի կարող ցորեն արտահանել, չի կարող օգտագործել ծովային հնարավորությունները արտահանման համար։ Ուստի ցորենի համաշխարհային արտահանումը նվազել է ավելի քան մեկ քառորդով։ Բնականաբար, դա բարձրացնում է հացահատիկի ինքնարժեքը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կա՛մ սահմանափակում է, կա՛մ ամբողջությամբ արգելում է ցորենի արտահանումը, կա՛մ բարձրացնում է ցորենի գինը։ Ռուսաստանը, պայմանականորեն ասած, ցորենն օգտագործում է որպես այլ երկրների դեմ, համեմատաբար, խաղաղ զենքերից մեկը։ Ինչ վերաբերում է ընդհանուր դեֆիցիտին, ապա այս դեֆիցիտը սկսվել է COVID-19 համավարակի թեժ պահին։ Նույնիսկ այս դեֆիցիտի արդյունքները չեն վերացել, քանի որ պատերազմն արդեն սկսված է, և, այսպես ասած, մի խնդրին արդեն ավելանում է մեկ այլ խնդիր՝ էլ ավելի սրելով տնտեսական վիճակը, հետևաբար, կրճատում է ապրանքների մատակարարումը։ Դե հենց դա էլ դեֆիցիտ է, և սա գլոբալ հարց է, գլոբալ խնդիր։ Իսկ երբ դեֆիցիտ է լինում, բնականաբար գները բարձրանում են։ Սա արևածաղկի ձեթն է, ձիթայուղը: Շատ սննդամթերք դեֆիցիտային են դարձել։ Եվ դա արտահայտվում է գների վրա։ Նավթի համաշխարհային գները նույնպես աճում են: Այն աճում է պայմանավորված այն հանգամանքով, որ այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում։ Երբ էներգակրիչների գները բարձրանում են, դա ազդում է գրեթե ողջ տնտեսության վրա։

V_Papava_10_09_2021_GREY_thumb

Վլադիմիր Պապավան 2001 թվականից ի վեր Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի Կիրառական տնտեսական հետազոտությունների կենտրոնի ավագ հետազոտող և տնօրեն է: Պարոն Պապավան ավելի քան 25 տարվա փորձ ունի։ 1977 թվականին նա իր աշխատանքային գործունեությունը սկսեց Վրաստանի գիտությունների ակադեմիայի Պաատա Գուգուշվիլիի անվան տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողի կարգավիճակով։ 1991 թվականին դարձավ վերոնշյալ ինստիտուտի տնօրեն։ Նա նաև եղել է Թբիլիսիի պետական համալսարանի մակրոտնտեսագիտության պրոֆեսոր։ 1994-2000 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար: 2000 թվականին նշանակվել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարի տեղակալ: 2004-2007 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի բյուջեի և ֆինանսների հանձնաժողովի ղեկավարի տեղակալն է եղել: 2005-2006 թվականներին Ֆուլբրայթի կրթաթոշակառու է եղել Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտում, Nitze School-SAIS-ում, Ջոն Հոփքինսի համալսարան (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան): 2013-2016 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր և տնտեսագիտության պրոֆեսոր, նաև Պաատա Գուգուշվիլիի տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող: