«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավտոերթեր է սկսել:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով»:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ավտոերթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին առաջիկա հանրահավաքի մասին և կոչ անել նրանց միանալ իրենց:
«Կներկայացվեն մեր պահանջները, ինչպես նաև մեզ միանալու կոչեր կհնչեն»,- ասել է Մանուկյանը:
Նիդերլանդներում ևս հայերը բողոքի ակցիա են իրականացնում Փաշինյանի դեմ: Պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող Նիկոլ Փաշինյանին հայ համայնքի տարբեր ներկայացուցիչները տարբեր վայրերում դիմավորում են բողոքի ակցիաներով։
Նրանք «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «հողատու», «Նիկոլ դավաճան, «Նիկոլ դիկտատոր», «թուրքի լամուկ» վանկարկումներ են անում, իսկ ձեռքներին ունեն «հավերժ անեծք դավաճանին», «Արցախ հանձնողը Սյունիքին էլ կհանձնի», «Նիկոլ Վասակ» գրությամբ պաստառներ։
«Նիկոլ դավաճանին քշելը, հեռացնելը միայն Երևանում մեր հանձնառու հայրենակիցների գործը չէ։ Խնդիրը համահայկական է, խնդիրը վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, խնդիրը վերաբերում է Հայաստանն ունենալ-չունենալուն, խնդիրը վերաբերում է Հայաստանում հայ մնալուն, ուրեմն խնդիրը վերաբերում է ազգին»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։