Վրաստանում միրգ և բանջարեղեն արտահանողները մտադիր են սկսել փորձել իրացման շուկաների դիվերսիֆիկացումն ու Ռուսաստան արտահանումից կախվածության նվազեցումը։ Այդ նպատակով նրանք ստեղծել են մրգերի և բանջարեղենի արտահանողների Ասոցիացիա: Նյութը պատրաստել է bizzone.info-ն:
Ասոցիացիան կաշխատի միջազգային շուկաներում վրացական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, որակի բարձրացման և դրանք միջազգային չափանիշներին հնարավորինս մոտեցնելու, ինչպես նաև ֆերմերների շրջանում գիտելիքների և հմտությունների ներդրման ուղղությամբ, ինչն այս պահին մեծ մարտահրավեր է Վրաստանի գյուղատնտեսության համար։
Ասոցիացիայի հիմնադիրներից, «Ֆրուտիլիա» ընկերության ղեկավար Վախտանգ Բեժիտաշվիլին հայտարարել է, որ այս փուլում Ասոցիացիան ներառում է մինչև 20 ընկերություն, իսկ ապագայում դրանց թիվը կավելանա։
«Ասոցիացիայի հիմնական նպատակն է խթանել վրացական մրգի և բանջարեղենի արտահանումը և շուկաների դիվերսիֆիկացումը՝ ի պատասխան առկա մարտահրավերներին: Սա չի կարող անել մեկ կոնկրետ ընկերություն և դա խնդիր է, որը պետք է կատարեն բոլորը միասին։ Այս փուլում, հաշվի առնելով տարբեր գործոններ, մենք որոշեցինք ստեղծել Ասոցիացիա համատեղ աշխատանքի համար՝ վերլուծելու առկա մարտահրավերները և ելք գտնելու ստեղծված իրավիճակից», – հայտարարել է նա:
Ըստ Վախտանգ Բեժիտաշվիլիի, ներկայումս արտահանողների հիմնական խնդիրը արտահանման դիվերսիֆիկացումն ու ռուսական շուկայից չափազանց մեծ կախվածության նվազեցումն է։
«Ասոցիացիայի անդամ ընկերությունները մեծ աշխատանքային փորձ ունեն այս ոլորտում և մենք փորձում ենք լուծել մեր առջև ծագած խնդիրները։ Մենք նախատեսում ենք տարբեր կրթական թրեյնինգներ անցկացնել ֆերմերների համար, որպեսզի նրանք կարողանան օգտագործել ժամանակակից գյուղատնտեսական մեթոդներ, ինչն իր հերթին կբերի արտադրանքի որակի բարձրացմանն ու միջազգային չափանիշներին դրանց մոտեցմանը։ Սա պարտադիր նախապայման է, առանց որի անհնար է իրացման շուկաների դիվերսիֆիկացումը», – հայտարարել նա:
Նրա խոսքով, կարևոր է նաև պետական ծրագրերի այս գործունեությանը մասնակցելը, որոնք նույնպես նպաստում են արտադրանքի որակի բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների արտադրողականությանը և, ի վերջո, մուտք դեպի այլընտրանքային իրացման շուկաներ։
Այս փուլում վրացական բանջարեղենի և մրգերի արտահանումն իրականացվում է սովորական ռեժիմով, առանց խոչընդոտների, սակայն հիմնական առաջնահերթությունն ու մարտահրավերը եվրոպական շուկան է, որտեղ վրացական արտադրանքն անմրցունակ է ցածր որակի պատճառով։
«Առաքումները ռուսական շուկա շարունակվում են սովորական ռեժիմով, բացառությամբ տրանսպորտի հետ կապված խնդիրների։ Ինչ վերաբերում է այլընտրանքային շուկաներին, ապա, երբ հասնենք կոնկրետ պլանների մշակմանը, այն ժամանակ ավելի հստակ կկարողանանք խոսել այդ մասին։ Դրանք կարող են լինել Բալթյան երկրները, Լեհաստանը, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, ինչպես նաև Գերմանիան և Ֆրանսիան։ Բայց դրա համար պետք է շատ աշխատել, մասնակցել միջազգային ցուցահանդեսների և բարձրացնել արտադրանքի որակը։ Եթե չկա համապատասխան փաթեթավորում, չկան միջազգային չափանիշներին համապատասխանող սերտիֆիկացված ապրանքներ, ապա հնարավոր չի լինի դուրս գալ այս շուկաներ», – հայտարարել է Վախտանգ Բեժիտաշվիլին։
Ըստ Սաքստատի տվյալների՝ 2022 թվականի մարտին Ռուսաստան է արտահանվել ընդամենը 800 000 դոլարի միրգ և բանջարեղեն, ինչը ամենացածր ցուցանիշն է 2014 թվականի էմբարգոյի վերացումից ի վեր։