Ախալքալքաի հոսպիտալում աչքի վիրահատություններ դեռ չեն իրականացվում, ծրագիրը կա, շարունակական է, պարզապես սպասում են ֆինանսավորման։ Հենց միջոցներ լինեն, անմիջապես կվերսկսեն վիրահատություններ անել։
Ըստ շրջանային հիվանդանոցի և տեղական իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ Չիչուայի բժշկական կենտրոնի ակնաբույժները Ախալքալաքում աչքի վիրահատություն են կատարում սկսած 2018 թվականից: Կորոնավիրուսի պատճառով, վիրահատությունները որոշ ժամանակ դադարեցվել էին:
Աչքի վիրահատությունները թոշակառուների համար անվճար են. 70%-ը վճարում է պետությունը, իսկ 30%-ը՝ մունիցիպալիտետը: Մյուս քաղաքացիները կվճարեն վիրահատության արժեքի ընդամենը 30%-ը:
Հիվանդները նախապես գրանցվում են բժիշկների մոտ, և վիրահատության անհրաժեշտության դեպքում՝ հերթագրվում: Փաստաթղթերը ներկայացվում են Առողջապահության նախարարություն, այնուհետև կատարվում են վիրահատությունները: Հիվանդները վիրահատության մասին տեղեկացվում են վիրահատությունից 10-15 օր առաջ: Վիրահատության օրերը նախապես հայտնի չեն, դրանք կատարվում են այն ժամանակ, երբ հավաքվում է շուրջ 10 հիվանդ: