ԱՄՆ-ը 35 մլն դոլար կտրամադրի Վրաստանին՝ Ռուսաստանի ապագա սպառնալիքներից պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Սա կլինի հերթական ռազմական օգնության մի մասը, որը տրամադրում է Միացյալ Նահանգները՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմի: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը ապրիլի 25-ին Կիևում այցելել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Պատերազմական գոտի հազվադեպ այցի ժամանակ կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 713 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինայի և նրա 15 դաշնակիցների ու գործընկերների պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով:
«Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ գրավոր մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, որ 713 միլիոն դոլարի օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) 322 միլիոն դոլարը կօգտագործվի Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման համար, իսկ մնացածը կուղղվի Բալկաններ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա: Ըստ տեղեկությունների՝ նրանց թվում է նաև Վրաստանը։
«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, որը ներառում է մարտական տեխնիկա, հակադրոնային համակարգ, դաշտային հրետանային մարտավարական տվյալների առաջադեմ համակարգ, շարժունակության հնարավորություններ և կիբեր պաշտպանություն»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Դիվանագետը նաև ասել է, որ Պետդեպարտամենտը ապրիլի 24-ին ծանուցում է ուղարկել կոնգրես այս գումարի հատկացման մասին։ Դրա նպատակն է «օգնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին համալրելու հնարավորությունները, որոնք նրանք իրենց ռեզերվներից անվճար են տրամադրել Ուկրաինային, որպեսզի ՆԱՏՕ-ն պահպանի և ուժեղացնի իր զսպման հնարավորությունները»:
Մյուս երկրները, որոնք կստանան ԱՄՆ պաշտպանական զենք, ուսուցում և ծառայություններ՝ Ալբանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան և Բոսնիա և Հերցեգովինան։