Ստեղծվել է երկլեզու կրթույթան նոր մոդել նախադպրոցական տարիքի երեխաների համար, որը դեռևս փորձարկման շրջանում է: Նոր մեթոդն իրենից ենթադրում է աշխատելով երեխաների հետ սովորեցնել բառեր, զարգացնել խոսացական ունակությունները և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխան կարողանա սովորել վրացերեն, օրինակ, խաղերի, երաժշտության, տեսահոլովակների տեսքով:
Ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում է կրթության նոր մոդելի ներդրումը կոչվում է «Պետական չափորոշիչի ներդրումը ազգային փոքրամասնությունների դպրոցական և նախադպրոցական հաստատություններում»: Նպատակն է՝ պետական չափորոշիչների ներդրումը ազգային փոքրամասնությունների դպրոցական և նախադպրոցական հաստատություններում:
Ծրագրի կարևոր առաքելություններից է պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը հենց վաղ հասակից, կրթական որակի բարելավումը և այլն: Նախակրթարանները, ինչպես շատ այլ հաստատություններ աշխատում են շաբաթական 5 օր և այն նախակրթարանները, որոնք ներառված են ծրագրի մեջ, 5-ից 2 օրն ամբողջությամբ վրացերենով են անցնում օրվա թեման՝ հատուկ գրված պլանով և գրքերով:
Jnews-ը զրուցել է Մարիաննա Կարապետյանի հետ, ով այս ծրագրում աշխատում է որպես համակարգող Նինոծմինդայի թիվ 2 նախակրթարանում, ինչպես նաև նախագծի շրջանակներում աշխատում է նախադպրոցական տարիքի երեխաների հետ: Նա նշում է, որ այս պահին անցկացվում են հետազոտություններ, պարզելու՝ ինչքանո՞վ է ծրագիրը արդյունավետ և երկու տարվա ընթացքում ի՞նչ արդյունքների են կարողացել հասնել:
«Երբ առաջին անգամ ես գնում էի աշխատանքի, դաստիարակ մանկավարժների մոտ ինչ-որ ինքնապաշտպանական վիճակ էր: Չգիտեն ինչու ես գնացել, լրիվ անծանոթ մոդել ես առաջ քաշում, նրանց մոտ կարծիք է ձևավորվում, որ կարող ես վտանգ հանդիսանալ կամ իրենց համար մրցակից լինել: Շատ բարդ է նաև հարաբերություններ ստեղծել նրանց հետ, քանի որ մարդիկ շատ հաճախ պատրաստ չեն նոր բան սովորել և նոր բան օգտագործել իրենց պրակտիկայում: Միշտ փորձում են ապացուցել, որ ամեն ինչ գիտեն», – նշում է Մարիաննան:
Նրա խոսքով մանկապարտեզների գերակշիռ մասում ոչ թե կրթական ուղղվածությունն է զարգացած, այլ պարզապես նախակրթարանը մարդիկ ընկալում են մի վայր, որտեղ կարող են ապահով թողնել երեխային, իսկ հետո գնալ և վերցնել:
Հարցին, թե ինչքանո՞վ է կարևոր, որ դեռ մանկուց երեխան սովորի վրացերեն և ի՞նչ արդյունք կարող է դա ունենալ ապագայում, նա պատասխանեց այսպես՝
«Ծրագիրն իր մեջ ներառում է՝ և նախակրթարանները, և դպրոցները, և երբ երեխան դեռ մանկուց ունենում է հիմք, գիտելիք, բառապաշար, ապա այն ավելի է զարգանում դպրոցում: Հավանականությունը շատ մեծ է, որ լեզվին ավելի լավ կտիրապետի և շատ բարդությունների չի հանդիպի, որոնց հանդիպում են այն մարդիկ, ովքեր 18-19 տարեկանից են սկսում ինտենսիվ սովորել լեզուն: Կարևոր եմ համարում նշել, որ մարդու կյանքում ամեն բան հեշտ ընկալելու, արագ ըմբռնելու շրջանը հենց մինչև 5-6 տարեկանն է և շատ կարևոր է այդ տարիքում ճիշտ և գրագետ աշխատել երեխայի հետ»,- ասում է Մարիաննա Կարապետյանը:
Տեղեկության համար նշենք, որ Ախալքալաքի շրջանում գործում է 16 մանակպարտեզ, որոնցից 3-ը՝ այլընտրանքային է: Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, բոլոր նախակրթարաններում առկա է երկլեզու կրթությունը, իսկ կոնկրետ այս ծրագրի շրջանակներում աշխատում է Ախալքալաքո թիվ 1 նախակրթարանը: Ինչ վերաբերվում է Նինոծմինդայի շրջանին այս ծրագրի շրջանակներում երկլեզու կրթությունը առկա է Նինոծմինդայի թիվ 2, Հեշտիա և Փոկա գյուղերի մանկապարտեզները, իսկ սեպտեմբերից արդեն երկլեզու կրթության ծրագրին կմիանան Նինոծմինդայի թիվ 1, Սաթխայի և Գանձա գյուղերի նախակրթարանները: