Ախալքալաքում մշտական խնդիր է շինարարական թափոնները թափելու հատուկ աղբավայրերի բացակայությունը։ Բնակիչների մի մասը բողոքում է՝ որտեղ թափի աղբը, իսկ մյուս մասն այն փաստից, որ շրջական միջավայրն է աղտոտվում, քանի որ մարդիկ աղբը թափում են ամենուր:
JNEWS-ին Ախալքալաքի բնակիչներից մեկը հայտնել էր, որ Չարենցի փողոցի վերջնամասում, ժայռից ներքև լցրած է ճանապարհից քերած-հանած ասֆալտ։
Մենք եղանք վերոնշյալ տարածքում, և տեսանք, որ ասֆալտի մնացորդներով իրապես ճանապարհ է հարթեցված դեպի ձոր։
Քանի որ, քաղաքի բնակիչներից մեկը մեզ հայտնել էր, որ այդ ասֆալտը Ջավախեթյան փողոցից է տարված, մենք այդ փողոցի բնակիչներից հետաքրքրվեցինք, տեղյակ են արդյո՞ք որտեղից է այդ ասֆալտը և ինչո՞ւ է լցրած ձոր տանող ժայռապատ ճանապարհին։ Բնակիչներից մեկը խիստ տոնով պատասխանեց, որ հաստատ Ջավախեթյան փողոցի ասֆալտը չէ, իսկ թե ինչո՞ւ է հենց այդտեղ լցրած, դա ոչ ոքի գործը չէ։
Այնուհետև, JNEWS-ը կապ հաստատեց Ջավախեթյան փողոցում շինաշխատանքներ իրականացնող «Մշենեբլոբա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Չոլախյանի հետ։
«Ես տեղյակ չեմ, մենք ճանապարհից հանած ասֆալտից այն ինչը մեզ հարկավոր է աշխատանքներ իրականացնելու համար, պահել ենք, մյուս մասն այն մարդկանց ենք տալիս, ովքեր ուզում են հարթեցնել իրենց սեփական տարածքները, իսկ կոնկրետ ձեր ասած տարածքից ես տեղյակ չեմ»:
Շինարարական թափոնները թափելու հատուկ աղբավայրերի բացակայությունն արդեն երկար ժամանակ է, ինչ անհագստացնում է Ախալքալաքի և շրջանի բնակիչներին: Մարդիկ շինարարական աղբը լցնելու տեղ չունեն, այն չի կարելի լցնել աղբամանների մեջ, քանի որ վնասվում է՝ և աղբամանը, և աղբատար մեքենան: Իսկ, թե ուր լցնեն շինարարական աղբը մարդիկ չգիտեն, այդ իսկ պատճառով, շատ հաճախ շինարարական աղբը՝ կամ լցնում են աղբամանների կողքին, կամ բնության գրկում՝ որևէ բաց տարածքում: