Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենահեռավոր, փոքր գյուղը՝ Մոդեգամը, դատարկվում է, բնակիչները լքում են այն նվազագույն կենսապայմանների բացակայության պատճառով։
Մոդեգամը փոքրիկ գյուղ է, բայց վերջին տարիներին այն էլ ավելի է փոքրացել, բնակիչները լքում են այն, տեղափոխվում Ախալքալաք կամ ավելի մեծ քաղաքներ։ Երիտասարդները բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո չեն վերադառնում կամ դպրոցից հետո գյուղից հեռանում են։ Վերջին տարիներին 20 ընտանիք լքել է գյուղը, նրանք ուղղակի փակում են տները և հեռանում, քանի որ տունը չեն կարողանում վաճառել ոչ ոքի վրա։
Մոդեգամում այժմ ապրում է 32 ընտանիք՝ 150 մարդ։ Գյուղում նույնիսկ փոքրիկ խանութ չկա, ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է, գյուղում տրանսպորտ, գազ չկա, ջուր կա, սակայն ձմռանն այն չի հերիքում, չկա մանկապարտեզ, մարզասրահ կամ մարզահրապարակ, երիտասարդների համար ոչինչ չկա… Գյուղացիները կատակով ասում են, որ ավելի հեշտ է թվարկել այն,թե ինչ կա գյուղում: Նրանք հավելում են. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված գյուղացիների հուշարձանը կա»:
Բնակիչները գնումներ կատարելու և այլ հարցերով իրենց մեքենաներով են գնում քաղաք, իսկ նրանք, ովքեր մեքենա չունեն, խնդրում են հարևաններին, որ վերջիններս նրանց իրենց հետ տանեն։ Քաղաքից դեպի Մոդեգամ գյուղ, վատ ճանապարհի պատճառով, տաքսին արժե 50 լարի։
Գյուղի բնությունը շատ գեղեցիկ է ինչպես գարնանը, այնպես էլ ձմռանը՝ այն գտնվում է լեռնային գոտում։
Գյուղացիները մեծ ցավով են նշում այն փաստը, որ մարդիկ հեռանում են գյուղից, բայց գնացողներին չեն մեղադրում, ըմբռնումով են մոտենում։
Ռուբեն Փամբուխչյանի երեխաներն բարձրագույն ուսում առնելուց հետո այլևս գյուղ չեն վերադարձել:
«Ես երկու երեխա ունեմ, նրանք ուսումն ավարտել են և մնացել Թբիլիսիում: Որդիս պահակային ոստիկանությունում է աշխատում, աղջիկս տնտեսագետ է: Ինչ անեն նրանք այստեղ»,-ասում է նա։
Էդո Փամբուխչյանը տեղափոխվել է Ախալքալաք, այնտեղ աշխատանք է գտել: Նա սրտնեղում է, բայց ասում է, որ որոշումը կայացրել է հօգուտ երեխաների, որպեսզի նրանք լավ կրթություն ստանան, այլ հնարավորություններ գտնեն։
«Ես ունեմ 2 երեխա, տեղափոխվել եմ նրանց բարեկեցության համար, ծնողներս մնացել են այստեղ, եղբայրս գնացել է Հայաստան: Այստեղ ապրելու համար նորմալ պայմաններ չկան»,- ասում է Էդո Փամբուխչյանը։
Գյուղում գյուղատնտեսական նշանակության հողերը շատ քիչ են, ուստի հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Սակայն, նույնիսկ այստեղ ամեն ինչ հարթ չէ, կաթը հնարավոր չէ ոչ մի տեղ վաճառել։ Գյուղացիների խոսքով, իրենց կաթը Նինոծմինդացիք են գալիս գնում, համապատասխանաբար, իհարկե, ցածր գնով։ Իսկ երբ առատ ձյան կամ ցեխի պատճառով գյուղ հասնելը դժվար է լինում, ընդհանրապես կաթ գնելու չեն գալիս։ Վատ է նաեւ կարտոֆիլի վաճառքի հետ կապված վիճակը: Հիմա գյուղացիները սպասում են, որ «ներքևի» գյուղերում կարտոֆիլը վերջանա և գնորդները բարձրանան իրենց մոտ։
Գյուղում գազ չկա, դրսում 21-րդ դարն է, իսկ նրանք դեռ աթարով են տաքացնում տները։
Դավիթ Չախալյանի խոսքով, գյուղում բնակիչները գոյատևում են, այլ ոչ թե ապրում:
« Գազատարը մեր գյուղից 2 կմ հեռավորության վրա է անցնում, սակայն մեր գյուղը գազաֆիկացված չէ: Ասում են՝ փոքր է, գազն անցկացնելը ձեռնտու չէ: Յուրաքանչյուր ընտրությունից առաջ մեզ խոստանում են: Մենք ոչինչ չունենք ու ամենավատն այն է, որ մենք հույս էլ չունենք»,- ասում է Դավիթ Չախալյանը։
Գյուղում մի փոքրիկ սենյակ կա, որտեղ միայն սեղան կա։ Գյուղի ներկայացուցիչ Արամայիս Չախալյանը կատակով ասում է. «Ծերանոց կառուցեցինք, ջահելնոց դարձավ»։ Երիտասարդները գնալու տեղ և զբաղմունք չունեն:
Խնդրահարույց է նաև խմելու ջրի հետ կապված հարցը։
«Ձմռանը ջուրը պակասում է, բարձրանում ենք սարերն ու ջրի աղբյուրներն ուղիղ դեպի ջրավազանն ենք ուղղում, բայց շուտով արդեն կանջատենք, ձյունը հալվում է, ջուրը կեղտոտվել է, ինչ անել, այլ ելք չկա, ջուրը չի հերիքում: Գարնանը մի կերպ հերիքում է, բայց ձմռանը՝ ոչ»,- ասում է Արամայիս Չախալյանը։
Դպրոցում, ըստ գյուղի ուսուցիչ Դավիթ Չախալյանի, հաջորդ ուսումնական տարում կմնա ընդամենը 5 աշակերտ, իսկ հիմա աշակերտների թիվը մի քանիսով ավելի է։ Գյուղում դպրոցն ութամյա է, հետո կամ քոլեջ են գնում, կամ ուսումն ավարտում այլ գյուղերում՝ հիմնականում Բուռնաշեթում։