Մոտ ժամանակներս Վրաստանում կներդրվի կովիդ-անձնագրերի տրամադրման պրակտիկան: Այս մասին հայտնել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նա նշել է, որ ներկայումս մշակվում են փաստաթղթի պարամետրերը, ինչը պետք է դառնա վկայությունն այն բանի, որ անձն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը:

«Մենք, իրոք, քննարկում ենք կովիդ-անձնագրեր տրամադրելու ընթացակարգը, աշխատում ենք հիմնական պարամետրերի վրա՝ դրանք կլինեն պատվաստման պատմությունը, անցկացրած հիվանդությունների պատմությունը, թե PCR-թեստի արդյունքը: Մոտ ապագայում իրատեսական կլինի նման պրակտիկայի ներդրումը», – ասել է Գաբունիան:

Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հստակեցրել է, որ կովիդ-անձնագրի նախագծի շուրջ աշխատանքը կավարտվի երկու շաբաթվա ընթացքում:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը պետք է համապատասխանի այն սկզբունքներին, որոնք այս ուղղությամբ գոյություն ունեն ԵՄ-ում:

Ինչպես նշել է Գամկղրելիձեն, Վրաստանում 2887 մարդ արդեն ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, և նրանք կարող են պահանջել իրենց տրամադրել կովիդ-անձնագիր: