ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում գտնվում է Թբիլիսիում։
Ժամանման նախօրեին Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Թբիլիսիում ծաղկեպսակ է խոնարհել Լեհաստանի մահացած նախագահ Լեխ Կաչինսկու կիսանդրու առջև։
Այսօր Թբիլիսիի Պետական պալատում Զբիգնև Ռաուին ընդունել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը։
Զալկալիանին շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջը՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ նրա կատարած այցի համար։ Սա, ըստ Զալկալիանիի, Վրաստանին աջակցության հերթական դրսեւորումն է տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին։
Բացի այդ, կողմերն ուշադրություն են դարձրել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակին և ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կազմակերպության ակտիվ մասնակցության կարևորությունը։
Արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում ընթացող իրադարձությունները և այս ֆոնին տարածաշրջանում անվտանգության ծանր իրավիճակը։ Նշվել է միջազգային գործընկերների աջակցության և ամուր դիրքորոշման կարևորությունը, ինչպես նաև Վրաստանի ջանքերը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ Ուկրաինային քաղաքական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման առումով։
Հանդիպմանն ընդգծվել է նաև Ռուսաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, այդ թվում՝ 2008թ.-ին։ Նշվել է նաև Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում Ժնևի միջազգային բանակցություններում և հանդիպումներում առաջընթաց գրանցելու կարևորությունը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ հիշատակվել են Վրաստանի և Լեհաստանի միջև համագործակցության բոլոր ընթացիկ ուղղությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Նախարարներն ընդգծել են երկու երկրների սերտ գործընկերությունը և հետագա համագործակցության հեռանկարները։
Հանդիպմանը կողմերը հաստատել են ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Վրաստանը և Լեհաստանը դիվանագիտական հարաբերությունները միմյամց միջև հաստատել են 1992 թվականի ապրիլի 28-ին։ Այս ընթացքում երկրները մշակել են ավելի քան 15 միջազգային համաձայնագրեր, որոնք կարգավորում են համագործակցությունը՝ տնտեսության, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացման, մշակույթի, կրթության, առողջապահության, պաշտպանության և այլ ոլորտներում։