ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի գործարկումից ի վեր՝ հինգ տարվա ընթացքում, Վրաստանի մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ կատարել են ավելի քան մեկուկես միլիոն այցեր եվրոպական երկրներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետը շնորհավորել է վրաց ժողովրդին՝ Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրման հնգամյակի կապակցությամբ։

«Այսօր ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման հինգերորդ տարին է, ուստի շնորհավորում եմ բոլորին այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Մենք՝ ողջ կառավարությունը, քրտնաջան աշխատել ենք դրա համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ՝այս արդյունքին հասնելու գործում։

Ուզում եմ նաև հիշեցնել բնակչությանը, որ մենք սկսել ենք այս գործընթացը դեռ 2013 թվականին, երբ մեզ տրվեց առանց վիզայի ռեժիմի գործողությունների ծրագիրը։ Կառավարությունը ինտենսիվ աշխատանք տարավ, և մենք այս գործընթացը ավարտեցինք 2015 թվականի դեկտեմբերին։

ԵՄ-ն արվածը բավարար համարեց, և դրանից հետո՝ մոտ մեկ տարի անց, վիզային ռեժիմը հանվեց, և մեր քաղաքացիները ԵՄ երկրներ են մեկնում առանց վիզայի»,- ասել է Ղարիբաշվիլին։

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շրջանակներում, 2017 թվականի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրերով կարող են զբոսաշրջային և գործուղումային այցեր կատարել ԵՄ երկրներ՝մինչև 90 օրվա ընթացում, և ոչ ավելի, քան վեց ամիսը մեկ անգամ։

Վրաստանն ու Ուկրաինան այդ հնարավորությունը ստացան գրեթե միաժամանակ՝ 2017 թվականի մարտին և հունիսին, այն բանից հետո, երբ ԵՄ-ն ներկայացրեց առանց վիզայի կասեցման նոր համակարգ, և եթե երկրները չբավարարեն անհրաժեշտ պահանջները, եթե անկանոն միգրացիան կամ ապաստանի անհիմն հայցադիմումները գերազանցեն որոշակի մակարդակը,ապա կգործի այդ համակարգը։