Այսօր՝ մարտի 26-ին, Հայ առաքելական եկեղեցու Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդությունում, Ախալքալաքի երիտասարդների համար, տեղի ունեցավ «Քաղաքացիական երկխոսություն և փոփոխություններին ուղղված գործնական քայլեր» ծրագրով թրեյնինգ։
Հանդիպումը կայացավ ՀԱԵ Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ և Տեր Կիրակոս Վարդապետի օրհնությամբ։ Դասընթացը վարում էին թեմի երիտասարդ ներկայացուցիչները։
Ծրագիրը կոչվում է «Քաղաքացիական երկխոսություն և փոփոխություններին ուղղված գործնական քայլեր» և այն ֆինանսավորվում է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից։ Ծրագրի ղեկավարն է Վրաստանում սփյուռքի երիտասարդ դեսպան Էմիլ Սարգսյանը։
«Ախալքալաքի երիտասարդներին մենք բացատրում ենք, թե ինչպես բարձրացնել մոտիվացիան, որպեսզի նրանք էլ ավելի աշխատեն: Իսկ երկրորդը, ծրագիրը կլինի այն մասին, թե ինչպես գրել նախագիծ ու մշակել իրենց գաղափարները»,- ասաց Էմիլ Սարգսյանը։
Այս նախագծի շրջանակներում միջոցառումներ են անցկացվում Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։
Ծրագրի շրջանակներում օրվա ավարտին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը ZOOM-ի միջոցով հանդիպեց Ախալքալաքի երիտասարդության հետ, որտեղ տեղի ունեցավ «i-գործ» ծրագրի շնորհանդեսը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ երիտասարդներին հեռավար աշխատել Հայաստանի պետական կառույցներում։
Վաղը նմանատիպ հանդիպում տեղի կունենա նաև Նինոծմինդայում։