Այսօր՝ մարտի 25-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագրի վերաբերյալ, որին ներկա էին տեղական մեդիայի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ ձեռներեցներ:
Հանդիպման ժամանակ «Արտադրիր Վրաստանում» նախագծի ներկայացուցիչները հարց-պատասխան ֆորմատով լսեցին ներկաների կարծիքները: Հնչեցին կարծիքներ դժվարությունների և բացթողումների մասին, որոնք անհանգստացնում են ծրագրի դիմորդներին: Դրանք հիմնականում կապված էին լեզվական խոչընդոտի, դիմումի կառուցվածքի, կայքի բարդությունների և տեղեկության տարածման հետ: Խոսվեց նաև տեղական մեդիաների դերի մասին, քանի որ, ըստ հնչած կարծիքների շատ հաճախ նմանատիպ ծրագրերին մասնակցության պասիվությունը կապված է տեղեկատվական պակասի հետ:
Նշենք նաև, որ 2022 թվականի մարտի 21-ից, «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագիրը սկսել է ընդունել բիզնես գաղափարներ՝ միկրո և փոքր ձեռնարկատիրությունների զարգացման համար։
«Միկրո և փոքր ձեռնակատիրություններ» պետական ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհի մրցույթին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, բացառությամբ 2020 թվականի ծրագրի հաղթող շահառուների, ինչպես նաև 2015-ից մինչև 2018 թթ. մասնակից այն շահառուների, որոնց գաղափարները բազմիցս ֆինանսավորվել են:
Ձեռնարկատերերը կկարողանան դրամաշնորհ ստանալ, ինչպես նոր բիզնես գաղափարների իրականացման, այնպես էլ արդեն ֆինանսավորվող գործունեության ընդլայնման համար։ Ծրագրի հաղթողը պարտավոր է դրամաշնորհի չափը սահմանել հետևյալ կերպ՝ կապիտալի ծախսերը՝ ոչ պակաս, քան 90%, շրջանառու միջոցները՝ ոչ ավելի, քան 10%:
Ծրագրով կարող են ֆինանսավորվել ավելի քան 300 տնտեսական գործունեության տեսակներ: Ծրագրին մասնակցելու համար բիզնես գաղափարների ընդունումը կսկսվի մարտի 21-ին և կշարունակվի մինչև ապրիլի 11-ը (15:00-ն):
Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնի ծրագրերի համակարգող Մարիամ Իմերլիշվիլին նշում է.
«Այսօրվա մեր հանդիպման գլխավոր նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպիսի ծրագրեր ունեն մարդիկ և ինչպիսի խնդիրների են նրանք հիմնականում հանդիպում: Ապագայում ևս պլանավորում ենք հանդիպումներ անցկացնել Սամցխե-Ջավախքում: Փորձենք ինչքան հնարավոր է շատ մարդկանց տեղեկացնել և ներգրավել լրատվական հանդիպումներում»:
Հավելենք, որ ցանկացած հարցի դեպքում հետաքրքրվողները կարող են տեղեկություն ստանալ պաշտոնական կայքէջից:
Մանրամասների համար կարող եք անցնել ստորև նշված հղումով՝ «Արտադրի՛ր Վրաստանում»-ը կվերսկսի իր օգնությունը փոքր բիզնեսին
Լիդա Ալմասյան