Ախալքալաքում երթևեկությունը կարգավորող ընդամենը չորս լուսաֆոր կա, որոնք կարծես հերթականությամբ են աշխատում։ Հիմնականում շուտ են խափանվում գլխավոր փողոցի վրա գտնվող լուսաֆորները։ Ներկա դրությամբ, արդեն մի քանի օր է չի աշխատում Աղամաշենեբելի փողոցի վրա գտնվող լուսաֆորը։ Քաղաքապետարանում տեղյակ են խնդրի մասին և աշխատանքներ են տարվում խնդրի վերացման ուղղությամբ։
Հարկ է նշել, որ քաղաքի լուսաֆորները պարբերաբար չեն աշխատում։
Ազատության փողոցի վրա գտնվող լուսաֆորը (վստրեչա կոչվող տարածքում) աշխատում է, սակայն գույները թրթռում են։
Վարորդները նշում են, որ ճիշտ է, իրենք վարում են այսպես ասած՝ «վարորդների օրենքով», երբ չի աշխատում լուսաֆորները, սակայն դա այնքան էլ ապահով չէ, մարդ կա չի հետևում այդ օրենքներին, մարդ էլ կա օրինակ չգիտի, թե խաչմերուկում ո՞վ պետք է առաջինը երթևեկի։
Աղմաշենեբելի փողոցի լուսաֆորը կարևոր է նաև այնքանով, որ կարգավորում է երթևեկությունը, և ավելի անվտանգ է դարձնում երեխաների համար փողոցը հատելը, քանի որ համար N-4 դպրոցը այդտեղ է գտնվում։
Քաղաքապետարանից հայտնում են, որ տեղյակ են լուսաֆորի անսարքության մասին և աշխատում են այդ ուղղությամբ։
«Քաղաքապետարանն այդ հարցով զբաղվում է, քանի որ դա մեր տեղադրած լուսաֆորն է, ուղղակի այս վերջին մի քանի օրերի բոլոր ուժերը՝ քաղաքապետարանի և սակրեբուլոյի ուղղված էր գյուղական ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին, դրա համար այդ հարցը դեռ չի լուծվել: Իհարկե, չի մոռացվել, բայց ավելի կարևոր խնդիրներ կային լուծելու», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը: