Այսօր ժամը 17:00-ից մինչ 19:00-ն Ախալքալաքի Շրջանային վարչության դահլիճում անցկացվեց հանրային քննարկում, ինչպես ծախսել Ախալքալաքի Շրջանային վարչությանը վճարված Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղուց և ՀԷԿ-ից հարկերի տեսքով ստացված գումարը, ընդհանուր առմամբ մոտ 6 000 000 լարի: Սակայն, Շրջանային վարչությունում առաջնահերթությունները լուծվել էին նախատեսված ժամկետից շուտ:
Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի Շրջանային վարչության աշխատակիցները, Շրջանային ժողովի պատգամավորները, գյուղերի մասնագետները և Վրաստանի Խորհրդարանի պատգամավորը Ախալքալաքի շրջանից: Իշխանությունները շտապեցին որոշել, թե ինչի վրա ծախսել անսպասելիորեն ստացված լրացուցիչ միջոցները, քանի որ օգոստոսի 8-ից հետո մինչ Խորհրդարանական ընտրությունների ավարտը բյուջեում չի կարելի փոփոխություններ կատարել:
Քննարկումը սկսվեց նրանով, որ Ախալքալաքի շրջանից Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը հայտնեց ներկա գտնվողներին, որ անհրաժեշտ է որոշել, թե կոնկրետ որտեղ ծախսել դժվարությամբ «նրանց կողմից ձեռք բերված» ֆինանսական միջոցները: Այնուհետև ելույթ ունեցան տնտեսական և ենթակառուցվածքների զարգացման ծառայությունների բաժնի պետերը: Հանդիպման ժամանակ, ակնհայտ էր Շրջանային ժողովի պատգամավորների և գյուղերի մասնագետների դժգոհությունը, ովքեր դահլիճից բարձրաձայնում էին իրենց գյուղերի խնդիրները: Պատգամավորների մեծ մասը զայրացած էր, որ գումարի մեծ մասը ծախսվելու է քաղաքի խնդիրների լուծման վրա, ոչ թե գյուղի: Պատգամավորները և մասնագետները նշեցին գյուղերի խնդիրները ինչպիսիք են` ջրամատակարարումը, մանկապարտեզների բացակայությունը գյուղերում, սակայն մեծ մասը նշեց ճանապարհները, որոնք սարսափելի վիճակում են: Ինչին, «ամբիոնում» նստած ղեկավար պաշտոնների ներկայացուցիչները «ուրախացրեցին» գյուղական իշխանությունների ներկայացուցիչներին, որ հաջորդ տարի կավարտվի քաղաքի փողոցների վերականգնումը և հերթը կհասնի գյուղերին: Սակայն այդ լուրն առանձնապես տպավորություն չգործեց գյուղական իշխանությունների ներկայացուցիչների վրա, ովքեր դեռ պնդում էին, որ «իրենց» ճանապարհների խնդիրը ամենակարևորն է, լինի դա հեռավոր կամ մոտակա գյուղերում: Հաճախ քննարկումը անցնում էր բարձր տոնով:
Սակայն, ենթակառուցվածքների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետական ծառայությունների բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը ներկայացրեց ենթակառուցվածքային աշխատանքների ցուցակը, որի վրա կծախսվի շուրջ 6 000 000 լարի:
Որպես գերակա ուղղություններ Ալբերտ Նահատակյանը նշեց սահմանամերձ Կարծախ գյուղում մանկապարտեզի շինարարությունը, Վարևան գյուղում խմելու ջրի համար ջրատար խողովակի անցկացնելու խնդիրը, հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակի բարեկարգումը, Ախալքալաքի Մշակույթի Տան վերականգնումը, Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի վերանորոգումը, լողավազանի վերանորոգումը, Ախալքալաքում մինի մարզադաշտի վերանորոգումը, Ախալքալաքում 6 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, Դիլիսկայից Չունչխա տանող ճանապարհի վերանորոգման շարունակումը, Ցեղասպանության հուշարձանի կանգնեցումը, Ախալքալաքում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների փոխումը:
Որոշվեց, որ գյուղի յուրաքանչյուր մասնագետ և լիազոր կներկայացնի գրավոր կերպով իր գյուղի խնդիրը և այդ խնդրի լուծման ծրագիրը: Եթե Շրջանային վարչությունը գտնի, որ մասնագետների և լիազորի ներկայացրած ծրագիրը ավելի առաջնային է, քան Նահատակյանի կողմից նշված աշխատանքները, հնարավոր է ծրագրում կատարվեն փոփոխություններ: Օգոստոս 2-ին Շրջանային վարչության ֆինանսական բաժինը պետք է Սակրեբուլոյի (Շրջանային Ժողով) քննարկմանը ներկայացնի բյուջեում փոփոխությունների նախագիծը, որպեսզի Շրջանային ժողովը քննարկի և մինչ օգոստոսի 8-ը ընդունի բոլոր փոփոխությունները:
Բացի այդ, զեկույցներով հանդես եկան Ախալքալաքի Շրջանային վարչության մի շարք ծառայություններ, խոսեցին բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակի շնորհման մասին, ինչպես նաև զինվորական ծառայության և զորակոչի մասին: Վերջում հայտարարությամբ հանդես եկավ Ախալքալաքի Շրջանային վարչության ադմինիստրացիայի ղեկավար Ստեփան Եզոյանը, ով կարդաց օրենքը այն մասին, թե ինչպես պետք է պահի իրեն պետական ծառայողը մինչ ընտրությունները և ընտրությունների ժամանակ, չխախտելու համար օրենքը:
Քրիստինե Մարաբյան
,