Ախալքալաքի Ջավախեթյան փողոցում կոյուղու և ջրագծի վերականգնման աշխատանքները դադարեցվել էին 2021 թվականի դեկտեմբերին՝ ձմռան գալու պատճառով։ Օրացուցային ձմեռն ավարտվել է, և, պայմանագրում ամրագրված ժամկետների համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեն մարտին։ Սակայն, եթե աշխատանքները վերսկսվեն հիմա, ապա, ըստ շինարարների, փողոցի բնակիչների ջուրը մի ամբողջ ամիս կանջատեն։

Պայմանագրի հիման վրա շինարարները մարտին պետք է ավարտին հասցնեն Ջավախեթյան փողոցի կոյուղու և ջրագծի աշխատանքները։

Աշխատանքներն իրականացնող «Մշենեբլոբա» ընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ չնայած եղանակային պայմաններին՝ ձյանը, ցրտահարությանն ու սառնամանիքին, որը հասնում է մինչև -18-ի, իրենց հարկադրում են վերսկսել աշխատանքները։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ պատվիրատուի կողմից փաստաթղթերը ժամանակին չպատրաստվելու պատճառով ընկերությունը չի կարողացել սկսել աշխատանքներն աշնանային տաք եղանակին, ուստի ստիպված են եղել դրանք սկսել 2021 թվականի նոյեմբերին։

«Բնակիչները բողոքում են, որ չսկսենք փորել։ Եթե մենք սկսենք աշխատանքը, ու ջուրը սառչի, ո՞վ է պատասխան տալու։ Եթե ջուրը փակենք, այս սառնամանիքին մարդիկ մի ամբողջ ամիս ջեռուցում չեն ունենա։ Մենք պետք է սկսեինք մարտի 15-ին և ավարտեինք մայիսի 15-ին։ Բայց մեզ ասում են, որ հաշվի են առնվել հունվարն ու փետրվարը։ Այսինքն՝ ինձ ժամանակ էր մնում մինչև մարտի 15-ը։ Նրանք չեն հասկանում, որ մեզ մոտ դեռ ձմեռ է։ Եթե մենք հնարավորություն չունենանք վերջնաժամկետը փոխելու, ուրեմն ստիպված ենք լինելու սկսել աշխատել։ Մենք տեղացի ենք և չենք կարող դրսից եկածների պես դատել, փակել ու վերջ: Եթե տաքանա, մենք այլ ելք կգտնենք։ Ժամանակավոր ջրագիծ կանցկացնենք հին խողովակներով, իսկ եթե հիմա սկսենք, այլընտրանք չի լինի»,- ասում է «Մշենեբլոբա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Չոլախյանը։

Նա նաև նշում է, որ այդ աշխատանքների համար գնված խողովակները կարող են տեղադրվել միայն +10 օդի ջերմաստիճանի դեպքում, որպեսզի ասֆալտապատումից հետո խնդիրներ չլինեն։

Հարկ է նշել, որ Ջավախեթյան փողոցում նոր կոյուղագծի կառուցման շինարարական աշխատանքների էլեկտրոնային մրցույթը շահել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Ըստ պայմանագրի՝ աշխատանքները պետք է սկսվեին և ավարտվեին 4 ամսում՝ մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ, սակայն ձմեռային շրջանի պատճառով ժամկետները հետաձգվել էին երկու ամսով։

Jnews-ն ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային՝ հասկանալու այս աշխատանքների ժամկետներն ու խնդիրները։

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից։ Աշխատանքների մեկնարկը Ջավախեթյան փողոցում, 2021 թ. նոյեմբեր: