Ախալքալաքի լողավազանը երկու տարի չգործելուց հետո, կարծես թե վերջնական պատրաստ է վերաբացվելու։ Տնօրենի խոսքերով այսօրվա դրությամբ լողավազանում խնդիրներ չկան։
Ախալքալաքի լողավազանը արդեն տևական ժամանակ է չի գործում, ինչպես կորոնավարակի, այնպես էլ տեխնիկական խնդիրների պատճառով։
«Ես չգիտեմ, երբ հրամանը եկավ, այդ ժամանակ էլ կբացենք, լողավազանը պատրաստ է, նորոգված է։ Ներկա դրությամբ ոչ մի խնդիր չունենք։ Մինչև այսօր պարզ էր, կորոնավարակի պատճառով չէր գործում, երևի մյուս ամսվա մեջ հույս կա, որ բացվենք»,-ասում է Ախալքալաքի միակ լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը։
Թե ինչքան շահույթ կունենա լողավազանը աշխատելուց հետո, տնօրենը դեռ չի կարող ասել։
«Հաշվարկ չենք արել, մինչև 7-13 տարեկան երեխայի վճարը 10 լարի է, 13-ից 18 տարեկանների համար՝ 20, իսկ 18-ից բարձր տաիքային խմբի մարդիկ պետք է վճարեն 40 լարի՝ մեկ ամսվա համար։ Փոփոխություն չենք ունեցել, քանի որ լողավազանը չի գործել, միգուցե, եթե սկսի գործել փոփոխություններ լինեն, դեռ ոչինչ չեմ կարող ասել», հավելում է նա։
Նշենք, որ քաղաքի միակ լողավազանը գործում է սկսած 2012 թվականից: Ախալքալաքում լողի կարող են գնալ 7 տարեկանից սկսած: Հարկ է նշել, որ երեխաների ու մեծահասակների լողավազանները տարբեր են:
Այս տարիների ընթացքում լողավազանում տարբեր խնդիրներ են առաջացել, գրեթե ամեն տարի մի քանի ամսով լողավազանը չի գործել։
Ախալքալաքի լողավազանը սկսեց չգործել 2018 թվականի օգոստոսի 1-ից: Փակման նախնական պատճառն այն էր, որ մաքրման աշխատանքները վերափոխվել էին կոյուղու հետ կապված խնդիրների: Համակարգը չէր աշխատում, և ջուրը կուտակվում էր նկուղում: Անսարքությունների շտկման աշխատանքները անընդհատ հետաձգվում էին: Եվ միայն 2019 թվականի փետրվարից լողավազանը սկսեց գործել, բայց՝ մասամբ: Պատճառը մեծահասակների համար նախատեսված լողավազանից ջրի արտահոսքն էր: Արդեն 2020 թվականին, երբ կարծես լողավազանը պատրաստ էր շահագործման և պետք է, որ այն բացվեր հաճախորդների համար, սակայն այդ ժամանակ էլ լողավազանը չբացվեց կորոնավարակի պատճառով:
2021 թվականին սեպտեմբեր ամսին Ախալքալաքի լողավազանի տնօրինությունից Jnews-ին հայտնել էին, որ նախատեսվում է մեկ ամսից այն բացել: Թեև հայտարարված ժամկետի ավարտին լողավազանում հայտնվեց մեկ այլ խնդիր: Շենքում էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով կարճ միացում էր տեղի ունեցել, հետո ջրի խողովակներն էին պայթել։ Այս ամբողջ ընթացքում լողավազանը չի գործել, բայց աշխատակիցները աշխատավարձ ստացել են։
Ընդգծենք, որ 2021 թվականին տեղական բյուջեից լողավազանին հատկացվել է 188 800 լարի, որից 67 440 լարին աշխատավարձերի համար, իսկ կոմունալ ծախսերի համար հատկացվել է 112 000, որից 32 000 լարի հատկացվել է էլեկտրաէներգիայի ծախսերի համար, իսկ բնական և հեղուկ գազի համար՝ 80 000 լարի: Հատկացված գումարից այս հաստատությունը գազի համար վճարել է ընդամենը 5 832 լարի, իսկ էլեկտրաէներգիայի համար՝ 1 514 լարի։ Իսկ այս տարի, մեկ ամսում գազի համար վճարել են 2 000 լարի։ Երկու տարիների ընթացքում էլ ջեռուցման համակարգը միացված է եղել նվազագույն ջերմաստիճանի վրա, որպեսզի ջեռուցման համակարը չսառչի:
Նշենք, որ այս տարի լողավազանին հատկացվել է 185 000 լարի։
Տնօրինությունը վստահեցնում է, որ ամեն ինչ պատրաստ է, ոչ մի խնդիր չկա, մնում է սպասել բացմանը։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ եղանակների տաքացմանն ընդառաջ, ապրիլի կեսերին լողավազանը իր դռները կբացի հաճախորդների առջև։
Գայանե Ակոջյան