Ռուսական բանկերի SWIFT համակարգից հեռացումը չի ազդի Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների վրա։ Այս մասին «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեն։
Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են հեռացնել ռուսական բանկերին SWIFT միջբանկային վճարումների միջազգային համակարգից, որը պատժամիջոցների տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել էր ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Դրանց թվում են ներառվել՝ VTB-ն, «Россия»-ն, «Открытие»-ն, «Новикомбанк»-ը, «Промсвязьбанк»-ը, «Совкомбанк»-ը և ВЭБ.РФ-ը:
«Պատժամիջոցները չեն վերաբերում արագ դրամական փոխանցումներին, որոնք չեն պահանջում բանկային հաշիվների բացում», – ասել է Ձնելաձեն:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս փուլում Վրաստանի բանկերի ասոցիացիան չի ակնկալում, որ պատժամիջոցները կազդեն Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալի վրա։
«Իհարկե, ծավալը կարող է փոխվել, բայց դա չի նշանակում, որ դրամական փոխանցումները կդադարեն»,- ասել է Ձնելաձեն։
Էլեկտրոնային համակարգերի գործածմամբ վրացական կոմերցիոն բանկերում դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի հունվարին կազմել է 168,8 մլն դոլար, ինչը 12,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի հունվարին կազմել է 22,4 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր ծավալի 13,3%-ը։