Երբ փետրվարի 18-ին Ախալցիխե-Ասպինձա ավտոճանապարհին բեռնատարի վթարի հետևանքով, Մտկվարի (Քուռ) գետը բիտում էր թափվել, Բնապահպանության ծառայության աշխատակիցները, աղտոտվածության հետազոտման նպատակով, գետից ջուր են նմուշառել։ Պատասխանը դեռ չկա։
Փետրվարի 18-ին, վթարի օրը, տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, «ՋավախԱվտոԳզա»-ի աշխատակիցները ճամփեզրից և գետը թափված բիտումը հավաքել են, իսկ Բնապահպանության ծառայության աշխատակիցները, գետին հասցված վնասի չափը պարզելու նպատակով, ջրի նմուշ են վերցրել։
Տարածված տեղեկատվության համաձայն, ցիստեռնից մինչ 23 տոննա գուդրոն կամ բիտում է արտահոսել, նավթամթերքի մի մասը հայտնվել է Քուռ գետում։
Փորձագետների նախնական գնահատմամբ, հնարավոր է, որ գետին հասցված վնասը մեծ չլինի, քանի որ սառը միջավայրում բիտումը ամրանում է և այն հնարավոր է հավաքել։
Նշենք, որ նույն օրը «ՋավախԱվտոԳզա»-ի աշխատակիցները քարացած բիտումի կտորները հավաքել էին։ Բայց թե որքանով են նրանք կարողացել անմնացորդ հավաքել, ցույց կտա ջրի լաբորատոր հետազոտությունը։