Վրաստանի Ազգային բանկի այսօրվա տվյալներով՝ 100 ռուսական ռուբլին արժե 3.7919 լարի։ Վրաստանում ռուսական ռուբլու արժեզրկումը սկսվել է փետրվարի 16-ից, երբ 100 ռուբլին արժեր 3.997 լարի։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կօգտագործի իր պահուստային միջոցները շուկայում ռուբլու գնման համար՝ փոխարժեքի պահպանման համար։
Առավոտյան ռուբլու փոխարժեքը անկում էր ապրել՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 84, իսկ եվրոյի դիմաց՝ 95.2 ռուբլու։ Բորսայում առքուվաճառքը դադարեցվել է: Ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել՝ մեկ դոլարի դիմաց 87.7, իսկ եվրոյի դիմաց՝ 97.47 ռուբլի, հայտնում է BBC-ն։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է Կենտրոնական բանկի արտարժութային միջամտությունների մասին, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի բանկը իր պահուստներով շուկայում կգնի ռուբլի՝ փոխարժեքը կայունացնելու նպատակով։ Սակայն ԿԲ-ն չի հրապարակել այդ գնումների ծավալները։
«Ես չգիտեմ, թե ինչու են բացել բորսան։ Գուցե դա վստահության նշան է իրավիճակի կառավարելիության առումով, կամ հակառակը՝ արագ շտկման ռազմավարություն՝ իրավիճակը հետագայում շտկելու նպատակով», – ասում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների «Renaissance Capital» ներդրումային ընկերության գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը, հաղորդում է BBC.com-ը:
Վերլուծաբանը կարծում է, որ Կենտրոնական բանկը չպետք է մեծ խնդիրների առջև կանգնի փոխարժեքը մաքսիմում 85-90 միջանցքում պահելու համար, քանի որ կան զգալի պահուստներ։
«Այս պահուստները պահվում էին սև օրվա համար։ Այդ սև օրն արդեն եկել է։ Սրանից սև չի կարող լինել: Տարօրինակ կլիներ հիմա չօգտագործել ռեզերվները։ Մենք ռիսկայինից էլ ավելի վատ սցենարում ենք գտնվում, քանի որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ավելի ագրեսիվ է, քան կարելի էր ենթադրել», – մեկնաբանում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների «Renaissance Capital» ներդրումային ընկերության գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը: