2021 թվականի չորրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1.4 տոկոսային կետով։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ «Սաքստատ»-ի՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում քաղաքային բնակավայրերում գործազրկության մակարդակը՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 0.2 տոկոսային կետով։
Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։
«2021 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կանանց մոտ այս ցուցանիշը նվազել է 1.0 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 1.7 տոկոսային կետով։
2021 թվականի չորրորդ եռամսյակում և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում զբաղվածության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է, համապատասխանաբար՝ 1,5 և 1,9 տոկոսային կետերով»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։