Վրաստանի բժշկական իշխանությունների տիրապետման տակ գտնվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մի մասի պիտանելիության ժամկետը կլրանա 2023 թվականի ամռանը, իսկ մյուսինը՝ 2024 թվականի ամռանը։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Վրաստանի առողջապահության նախարարությունը Pfizer-ի համապատասխան որոշումից հետո հայտարարել էր COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու մասին։ Սա առաջացրել էր բնակչության տարաբնույթ արձագանքը, թեմայի շուրջ բազմաթիվ խոսակցություններ էին ծագել։ Սոցցանցերի վրացի օգտատերերը նույնիսկ մեղադրել են երկրի բժշկական իշխանություններին ժամկետանց դեղեր օգտագործելու մեջ։
«Երբ Pfizer պատվաստանյութն ի սկզբանե դուրս եկավ, այն ուներ վեցամսյա պիտանելիության ժամկետ: Որոշումն ընդունվել է առաջնային, նախնական գնահատման հիման վրա։ Շուտով հաստատվեց, որ պիտանելիության ժամկետը ոչ թե վեց ամիս է, այլ ինը։ Ե՛վ Pfizer-ը, և՛ ԱՄՆ Դեղորայքային գործակալությունը և թե Եվրոպական կարգավորողը փոխել էին պիտանելիության ժամկետը»,- հայտարարել է Գաբունիան։
Միևնույն ժամանակ, Վրաստանի առողջապահության փոխնախարարը բացառել է Վրաստանում ժամկետանց կամ անորակ պատվաստանյութերի գործածման հնարավորությունը։ Այստեղ նա ընդգծել է, որ Վրաստանում պահպանման պայմանները խստորեն վերահսկվում են։
«Պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը խախտելու մասին խոսակցություններն առասպել է։ Դրանք լիովին անհիմն են»,- ասել է Գաբունիան։
Ինչ վերաբերում է չինական «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերին, ապա, ըստ փոխնախարարի, այս դեղամիջոցներն ունեն ամենաերկար պահպանման ժամկետը՝ առնվազն 24 ամիս։
Մինչ այժմ Վրաստանում օգտագործվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 մլն 787 հազար 627 դեղաչափ։ Պատվաստումների ամբողջական կուրսն ամցել է 1 237 539 մարդ կամ երկրի բնակչության 43,1%-ը։ Խթանիչ դեղաչափը ստացել է 202 438 քաղաքացի: