Տասներորդ գումարման խորհրդարանը 150-ի փոխարեն կկազմավորվի 145 պատգամավորով, եթե օրենսդիր մարմինը զրկի պատգամավորական մանդատից երեք ընդդիմադիր պատգամավորի՝ Շալվա Նաթելաշվիլիին, Էլենե Խոշտարիային և Բադրի Ջափարիձեին։
Ինչպես գիտեք, հինգ ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միասնական ազգային շարժման», «Եվրոպական Վրաստանի», «Լեյբորիստական կուսակցության», «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» և «Լելոյի» ընտրական ցուցակները զրոյացվել են։ Այդ իսկ պատճառով այս կուսակցությունների կողմից ներկայացված պատգամավորների մանդատների դադարեցման դեպքում նրանց փոխարինումը խորհրդարանում անհնար է։
Անցյալ տարի խորհրդարանը դադարեցրել էր Նիկա Մելիայի և Մամուկա Խազարաձեի մանդատները՝ անձնական դիմումների հիման վրա։ Արդյունքում կուսակցությունները կորցրել էին մեկական մանդատ։
Վերոգրյալից բացի՝ Ընթացակարգային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը նպատակահարմար է գտնում դադարեցնել Բադրի Ջափարիձեի պատգամավորական լիազորությունները։ Հանձնաժողովի դիրքորոշումը հիմնված է սահմանադրական նորմի վրա, համաձայն որի, եթե պատգամավորը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվում, ապա նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։
Ինչ վերաբերում է Շալվա Նաթելաշվիլիին և Էլենե Խոշտարիային, ապա նրանց պատգամավորական լիազորությունների դադարեցման հիմքը սահմանադրական գրառումն է առ այն, որ եթե պատգամավորն անհիմն պատճառով նստաշրջանի նիստերի կեսից ավելիին ներկա չի գտնվել, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։