Փետրվարի 4-ին, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանաստեղծ, Վրաստանի ու Հայաստանի գրողների միության անդամ, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Ժորա Սնխչյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 5-ին, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդայի) շրջանի Ջիգրաշեն գյուղում: Սովորել է տեղի, ապա՝ Բոգդանովկայի հայկական դպրոցում: 1968-ին ընդունվել և 1973-ին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը: Ավարտելուց հետո աշխատել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, 1976-ից՝ շրջանային կոմերիտական և կուսակցական մարմիններում, շրջանային թերթի խմբագրությունում: 1992-ին ընտրվել է Վրաստանի I պրոֆեսիոնալ խորհրդարանի անդամ, այնուհետև աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում որպես խորհրդական, ազգամիջյան հարաբերությունների ծառայության պետի տեղակալ: 2006 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդական հարցերով ծառայության պետ:

Պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, ՀՀ Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով և այլն: 1997-ից Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահն է, խմբագրում է «Վերնատուն» և «Զարթոնք» գրական տարեգրքերը: Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ է, մի քանի գրքերի հեղինակ: Ամուսնացած է, ունի երեք աղջիկ, 5 թոռ:

JNEWS-ի խմբագրակազմն իր խորին վշտակցությունն է բանաստեղծի ընտանիքին և մերձավորներին: