Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չարտերային ավիաչվերթը, որը ծրագրվում էր իրականացնել հունվարի 28-ին, վերջին պահին չեղարկվել է։ «Georgian Airways»-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլին տարբեր լրատվամիջոցներին տարբեր կերպ է պարզաբանել կատարվածը։
«Ազատություն Ռադիոկայան»-ի հետ հեռախոսազրույցում Գաիաշվիլին ասել է, որ պատճառը Վրաստանում և Ռուսաստանում տիրող համաճարակային ծանր իրավիճակն է։
«Այո, մենք ինքներս ենք չեղարկել չվերթը, սա ավիաընկերության իրավասությունն է, այլ ոչ թե ուրիշի։ Եվ մենք կորցնելու բան չունենք»,- ասել է նա՝ վայր դնելով խոսափողը։
Միևնույն ժամանակ, «Mtavari Arkhi»-ին տված հարցազրույցում Գաիաշվիլին հնչեցրել է մեկ այլ վարկած՝ «իրարանցում ԶԼՄ-ներում» և ընթացակարգերի խախտում։
«Այնպիսի աղմուկ բարձրացավ, որը լուրջ խնդիրներ առաջացրեց։ Լրագրողների ակտիվության պատճառով իրարանցում է ստեղծվել, և [չվերթը] չեղարկվել է։ Մեզ այլևս ավիաչվերթի իրականացման թույլտվություն չի տրվել։ Ընթացակարգերը չեն պահպանվել, ուստի թույլտվություն չենք ստացել»,- հայտարարել է Գաիաշվիլին։
Նշենք, որ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չարտերային չվերթն առաջինը պետք է դառնար երեք տարվա ընդմիջումից հետո։ Ուղիղ ավիաչվերթը նախատեսված էր Թբիլիսիի ժամանակով 10:00-ին։ Ինքնաթիռի բոլոր տոմսերը վաճառված էին։ Դեպի Մոսկվա ավիատոմսերի արժեքը տատանվում էր 717 լարիից (մոտ 230 ԱՄՆ դոլար), իսկ Մոսկվայից Թբիլիսի՝ 620 լարիից (մոտ 200 ԱՄՆ դոլար):